top of page

Գրական մրցույթ

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ  հետևյալ անվանակարգերում․ 
 

  • Արձակ

  • Դրամատուրգիա

  • Մանկապատանեկան գրականություն

  • Պոեզիա

BOOK-FEST_WEB_800X400_01.jpg

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
 

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 400․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է երբևէ հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

 

«Արձակ» անվանակարգում

  • կամ 2 պատմվածք

  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
     

«Դրամատուրգիա» անվանակարգում

1 պիես (ծավալն էական չէ)
 

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ

  • կամ 2 պատմվածք

  • կամ 2 պատկերազարդ պատմություն

  • կամ 10 բանաստեղծություն

  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ):
     

 «Պոեզիա» անվանակարգում

10 բանաստեղծություն

 

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Այն ստեղծագործությունները, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն, չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

 

«Արձակ» անվանակարգ

  • Աննա Դավթյան 

  • Արքմենիկ Նիկողոսյան

  • Հովհաննես Երանյան

  • Սարգիս Հովսեփյան 

 

«Դրամատուրգիա» անվանակարգ

  • Անահիտ Արամունի Քեշիշյան 

  • Դավիթ Խալաթյան 

  • Նարինե Գրիգորյան

  • Սաթէ Խաչատրյան

 

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ

  • Անի Հովնանյան

  • Երազիկ Գրիգորյան 

  • Սաբեթ Հովհաննիսյան

  • Վարդուհի Բալոյան

 

«Պոեզիա» անվանակարգ

  • Ալվարդ Սեմիրջյան

  • Կարեն Անտաշյան

  • Հասմիկ Սիմոնյան

  • Ներսես Աթաբեկյան

 

Հայտերի գնահատման չափանիշները.

  • «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

  • «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

  • «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:

  • «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
     

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@yerevanbookfest.com հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը՝ մեկ ֆայլում): «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ): Նամակի դաշտում գրել հեռախոսահամար։
 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։
 

Մրցութային կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
 

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին՝ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի փակման արարողության ժամանակ։
 

Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ ​​​Այս տարի փառատոնի գլխավոր թեման լեզուն է, որը ստեղծում է ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։ 
 

Նախաձեռնությունը և աջակցությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
 

Հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան
 

Կազմակերպիչներ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպություն

bottom of page