Агавни Григорян

Մանկապատանեկան վիպակ
(հատվածաբար)
Նվիրվում է Մոլլիին
Բնակարանամուտ
Պատրանքը, թե իր տուն մտնելուն պես տան չորս պատերը ետ-ետ են քաշվելու, իսկ վեց մոմանոց ջահը ճոճվելու է համաչափ թարթումներով՝ ի նշան անպարագիծ հրճվանքի, ցնդեց մի քանի ժամում ընդամենը: Ու Հեկտորը բավարարվեց տանտիրուհու ոտքերի տակ սեղանի գլխամասում երեկոները փռվելու արտոնությամբ: Բազմոցին փռվել չառաջարկեցին, ուստի Հեկտորը ինքը շուտով քնապարկը քարշ տվեց-տարավ բազմոցի կողքը: Ջեռուցման խողովակն այդ հատվածում հատակի սալիկների տակով էր անցնում ու գիշերները հաճելիորեն տաք էր: Երազներ էլ էր տեսնում ու խառը երազների օրերին քնի մեջ գռմռում էր անհանգիստ:
Տնեցիները, որոնց Հեկտորը «իմոնք» ամբողջական ձևակերպումով կնքեց բնակարանում հաստատվելուց մի քանի օր անց արդեն, նրա բնակարանամուտի օրը առանձնահատուկ նրբանկատությամբ չփայլեցին:
Աղջիկը՝ Պաուլան, որին մայր Սուսանիբարը Պաու էր կանչում, իսկ հայր Սուսանիբարը Կարի (Կարինյոյի կրճատած ձևով), Հեկտորին տեսնելուն պես՝ նրա անունը կնքեց Կիվի: Ոչ ոք չհետաքրքրքվեց, թե արդյո՞ք իրեն դուր եկավ այդ մրգային օազիս հիշեցնող անունը, չնայեցին անգամ, որ իր վզկապին արդեն գրված էր՝ Հեկտոր: Հետո արդեն, հայր Սուսանիբարը տեսավ վզկապին մանր տառերով ծեծած «Հեկտոր»-ը, բայց, քանի որ հոգնած էր՝ նույն պահին էլ մտքից թռավ: Վզկապը քանդեց, մեխանիկորեն գցեց քուղերի, կոշիկ մաքրելու համար նախատեսված տարատեսակ քսուքների դարակը, որ այդ պահին բացել էր:
Հեկտորն էլ լպսեց նրա ձեռքը, որպես շնորհակալություն՝ վերջապես գոնե ազատ կշնչի: Պաուլան այդ ժեստն ընկալեց իբրև դրական արձագանք անվանակոչությանն ու վազեց իր սենյակ՝ ապակե ակվարիումում ապրող ծովախոզուկ էքնային պատմելու հրաշալի նորությունը: Էքնան երևի կուշտ էր, որովհետև աչքերը կուլ գնացին ու Պաուլայի արտաբերած երկրորդ բառից արդեն ծովախոզուկների դրախտում էր, իսկ դրախտում այնքան հաճելի նիրվանա է, որ ավելորդ ձայները ինքնըստինքյան հետ են մղվում:
-Մա´մ, Կիվին սոված է, մա´մ, Կիվին փախավ իր քնապարկից, մա´մ, ջուրը փոխենք… կերը վերջացավ…
Պաուլան վազվզում էր տնով մեկ՝ հուզված, իրար անցած: Կիվին նրա երազանքն էր, որ ծննդյան նվերի տեսքով չորս թաթերի վրա՝ քիթը սալահատակին քսելով ներս մտավ: Կանգնեց դռների մեջ նայեց եռյակին, որ այսուհետ պիտի «իմոնք» անվանի ու երեք անգամ հաչեց:
Մայր Սուսանիբարը գլուխը տմբտմբացրեց, բայց ավելորդ հարցեր չտվեց ամուսնուն, թե որտեղից, ոնց այս ցուրտ օրով ճարեց շանը: Այս քաղաքում մի երեխա մեծացնելն էլ բավականին հոգսատար էր, այսօրվանից ավելացավ նաև շունը:
Հեկտորն էլ առանձնապես հիացած չէր բնակարանով և ընդունելությամբ, որովհետև երբ հայր Սուսանիբարն իրեն բերում էր վերարկուի մեջ փաթաթած՝ ճանապարհին համարյա պալատի պես էր նկարագրում տունն ու Հեկտորին սպասվող արքայական ընդունելությունը:
«Մարդիկ սիրում են չափազանցնել» ՝ հետևություն արեց Հեկտորը՝ բնակարանի վաթսուն քառակուսին մանրամասն տնտղելուց ու հոտոտելուց հետո:
Հեկտոր, թե՞ Կիվի… Պաու, թե՞ Կարի…
Հեկտորը սովորեց արձագանքել Կիվի անվանը, բայց ինքն իր հետ գոնե մնաց Հեկտոր՝ ինչպես որ ծնվել էր: Մայր Սուսանիբարի՝ կիվիից ալերգիան հաշվի առնելով (ինչի մասին Հեկտորն իմացավ ամիսներ անց) ավելի գնահատելի էր դառնում տիկնոջ՝ իր հանդեպ բարի, սիրալիր վերաբերմուքը: «Իմոնք հակասական են: Նույն բառն անգամ նրանց մոտ կարող է զայրույթից մինչև փաղաքշանք տատանումներ ունենալ՝ կախված օրվա ժամից կամ կենդանակերպի նշանից»:
Իսկ իր կենդանակերպը անփոփոխ՝ շուն էր:
Քանի որ Հայր Սուսանիբարն ավելի քիչ ժամանակ էր լինում տանը քան Մայր Սուսանիբարը, Պաուլան օրվա մեծ մասը Պաու էր և միայն շաբաթվա վերջում Կարին ու Պաուն համարյա հավասարապես էին հնչում տան պատերից ներս: Հեկտորին դա շփոթեցնում էր սկզբում, հետո նույնիսկ զվարճալի էր. երբ արդեն հաշվել սովորեց, հաշվում էր մտքում, թե այս շաբաթ ով է առաջին հորիզոնականում՝ Կարի՞ն թե Պաուն:
Պաուլան ծայրահեղական էր սիրո դրսևորումներոում, և Կիվիի մաշկի տակ ապրող Հեկտորը հաճախ հոգնում էր սիրային այդ եռանդից, նույնիսկ զայրանում, երբ աղջիկը բառացիորեն տանջում էր խեղճ շանը իր ջերմեռանդ սիրով:
-Կիվի´, պիտի ամենաուժեղը լինես, Կիվի´, պիտի ամենահեռուն ցատկես:
Հայր Սուսանիբարը միայն մեկ անգամ թեթև ակնարկեց, որ շան վզկապի վրա արդեն իսկ ինչ-որ անուն կար գրված:
-Կիվի, դու անունդ սիրել ես, չէ՞:
Պաուլան Կիվիի մռութը կպցրեց իր դնչին և ուժեղ սեղմվեց նրան: Կիվին թափ տվեց գլուխը ՝ ազատվելու համար աղջկա գրկից:
- Տեսե՜ք, ասում է՝ հա´…
Պաուլան հրճվագին երեք պտույտ արեց՝ Կիվիին գրկած.
«Իմոնք երջանիկ են, ուրեմն ես էլ եմ եջանիկ»՝ արդարացիորեն եզրահանգեց Կիվին, կամ Հեկտորը, կամ՝ երկուսը միասին: Աչքերը փակեց ու կրկնեց՝ «ես երջանիկ եմ»:
Որոշեց ամեն օր քնելուց առաջ ինքն իրեն բարի գիշեր մաղթել, որպեսզի անունը չմոռանա.
-Բարի գիշեր, Հեկտո´ր:
Երազ
Այդ օրվա երազը տարօրինակ էր. ինքը չգիտես ինչու վազում էր տան շուրջբոլորը, իսկ Պաուլան այդպես էլ դուրս չեկավ, չպտտվեց իրեն գրկած: Հեկտորը սնահավատ չէր, բայց այս երազը մտապահեց, գուցե նրա համար, որ ապխտած մսի հոտ ուներ: Այդ հոտից էլ արթնացավ:
Պաուլան Կիվիի հանդեպ իր սերը արտահայտում էր հնարավոր բոլոր միջոցներով. փոքրիկ աթոռակը բերում էր սենյակի կենտրոն, Կիվիին կանգնեցնում էր վրան ու մի կես ժամ նույն երգը ծնգծնգացնում դաշնամուրով:
-Լյա… լյա…
Հեկտորը հաչում էր, իսկ Պաուլան ոգևորված արձագանքում էր.
-Կիվի´, դուրդ գալիս է չէ՞, էլի նվագեմ:
-Չէ՜…- կլանչում էր Հեկտորը:
Պաուլան նրա գլուխն էր շոյում ու նորից նվագում նույն լյա-լյան:
«Օրերը կրկնվելու հատկություն ունեն» օրվա տպավորությունն ամփոփեց գլխում Հեկտորը, թաթերը դրեց դնչի տակ ու երկար նայեց պատուհանից դուրս:
Քնելուց առաջ հիշեցման կարգով գռգմռաց.
- Բարի գիշեր, Հեկտո´ր:
Կարոտ
Երբ մայր Սուսանիբարը խոհանոցում գործ էր անում, հեռուստացույցը միացված էր մնում: Կամաց-կամաց Հեկտորն առանձնացրեց իր սիրած հաղորդումները:
«Տեսնես՝ ո՞ւր են ծնողներս» ՝ Նեմոյի ճամփորդության երեսուներորդ րոպեի սառած կարդի վրա տխրեց Հեկտորը: Գուցե զուգադիպեց, որովհետև նույն պահին Պաուլան որքան ուժ ուներ սեղմվեց նրան.
-Կիվի´, ես քեզ հետ եմ, մի՜շտ:
«Բարդ բան է օվկիանոս կտրելը՝ ծնողին տեսնելու համար»՝ մտածեց Հեկտորն ու աչքերի առաջ լողացին ծնողներին փնտրող բոլոր Նեմոները: Մերոնք քաղաքում կլինեն՝ մխիթարեց ինքն իրեն, քաղաքը այնքան էլ մեծ չէ, մի օր էլ գուցե կհանդիպենք: Հետո անհանգիստ միտք սողոսկեց՝ ինչպե՞ս պիտի ողջունի հորը այսչափ բաժանումից հետո, կճանաչի՞ իրեն, իսկ եղբայրնե՞րը…
Գիշերը շուռումուռ էր գալիս ՝ քունը չէր տանում. տեսնես ինքը կկարողանա՞ր այդքան լողալ…
Այդ օրը երազում ինքը թռչում էր շենքերի վրայով, իսկ շենքերի պատուհանները ակվարիումներ էին ու ակվարիումների միջից մարդ ու ձուկ՝ լողակներով ողջունում էին…
Շոկոլադ
Երանելի ժամանակներ էին…
Առավոտյան արևի հետ սկսվում էր տնեցիքի բզզոցը, հետո հերթով գնում գալիս էին, էլի էին գնում գալիս, մինչև որ երեկոյան հավաքվում էին ընթրիքի սեղանի շուրջ:
Ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր, այնքան, որ շարունակական անդորրից հաճախ ցերեկները Հեկտորի քունը տանում էր:
Տնեցիք երբեմն միայն չէին համաձայնում անկարևոր բաներում. օրինակ՝ սմբուկով ճաշը տոմատի մածուկո՞վ է համեղ, թե՞ աղացած թարմ լոլիկով: Ի վերջո մայր Սուսանիբարը իր ուզածով էր անում, իսկ հայր Սուսանիբարը այդ օրը որպես բողոք երկրորդ աման ճաշը չէր ուզում: Քաղցրին հասցնում էին հաշտվել, և շոկոլադե տորթի մեծ կտորը մայր Սուսանիբարը դնում էր Պաուլայի ափսեի մեջ:
Հեկտորի ուշքը գնում էր շոկոլադե սալիկների համար: Այնքան համը չէր սիրում, ինչքան կակաոյի բույրը: Ինչ որ մի բան այնքա՜ն ծանոթ էր… Մի կիրակի էլ, երբ ընթրիքի ավարտին նորից շոկոլադե տորթ էր սեղանին, Հեկտորը հանկարծակի հիշեց. ինքը նորածին, մոր կողքին կպած՝ խոհանոցից գոգնոցը կապած եկավ Տանտիրուհին: Հեկտորին նրա հողաթափերը նավակներ թվացին: Նավակները լողալով մոտեցան, Տանտիրուհին կռացավ շոյեց իրեն ու քթին խփեց շոկոլադե անուշ անշփոթելի բույրը… Երանությունից աչքեըը փակեց: Հենց այդ պահին Տանտիրուհին իր անունը տվեց առաջին անգամ.
- Հեկտո´ր, փոքրիկ, ախր, շա՜տ անուշիկն ես:
«Շոկոլադը մանկության բույրն է… տաք-տաք»: Հեկտորը թաթերն առաջ բերեց, թաթերով փակեց քիթը, որ շոկոլադի հոտը ոչ մի տեղ չփախչի, չկորչի ու ինքը մնա մանկության գրկում:
Այդ օրը երազ չտեսավ, բայց իրեն թվաց, թե ամբողջ գիշեր մորը կպած լուսացրեց:
Հայելի
Տուն մեծ հայելի բերեցին: Հայր Սուսանիբարը դռնից ուսած անցակցրեց ու հենեց միջանցքի պատին: Հայելին տեղադրեցին այնպես, որ բոլոր սենյակներից կարողանում էիր հայելու միջով տեսնել մյուս սենյակներում շարժումների անդրադարձները: Իսկ հայելուց արևի լույսն անդրադառնում էր ու միջանցքը լուսավորվում էր հովհարաձև՝ լապտերի պես:
Հեկտորը խանդոտ հաչոցով դիմավորեց «անկոչ հյուրին»: Առաջին անգամ, երբ մոտ վազեց հայելուն, նրան թվաց, թե իր զույգ եղբայրն է գտնվել: Սիրտն արագ զարկեց, խառնվեց իրար, հաչեց հուզված, վազեց առաջ ու քիթը խփվեց հայելու սառնությանը: Ետ քաշվեց, ցավացող դունչը լիզեց, նորից գողեգող մոտեցավ, որ հանկարծակիի բերի հայելու միջինին: Աչքերը հանդիպեցին իր աչքերին՝ հայելու հարթ մակերեսից ներս: Էլի հաչեց, այս անգամ անհամբեր էր, թաթով փորձեց ճանկռել հայելին, որ միջից դուրս գա այն մյուսը՝ իր երկվորյակը: Ապարդյուն, հիասթափված պոչը քաշեց իրեն:
Մի քանի օր պահանջվեց, մինչև քիչ-քիչ վարժվեց իր արտացոլանքին: Այլևս չէր վախենում, չէր փախչում ետ, որ թաքնվի բազմոցի տակ: Նույնիսկ ընկերաբար՝ գնդակ խաղալ առաջարկեց հայելու միջինին մի օր, երբ տանը մենակ էին: Գնդակ խաղալիս կարծես թե իրար հասկացան, համենայն դեպս գնդակը հայելուց հետ էր գլորվում դեպի Հեկտորը, իսկ ո՞վ պիտի գլորեր, եթե ոչ հայելու միջից իրեն նայող մյուս Հեկտորը… կամ էլ Կիվին…
Հարվածներից մեկը ծուռ անդրադարձով ետ եկավ, քիչ մնաց շուռ տար հատակին դրված ծաղկամանը: Ծաղկամանը շուռ չեկավ, բայց միջի ջուրը ցայտեց այս ու այն կողմ: Հեկտորը մեղավոր նայեց շուրջը, հետո համենայն դեպս հայելու միջինի վրա հերթապահ հաչեց՝ հա´ֆ, հա´ֆ ու վազեց հյուրասենյակ: Տեղավորվեց այնպես, իբր ինքը հյուրասենյակից չի էլ հեռացել:
-Այ դմբո, հայելի է ընդամենը, - հանգստացրեց Պաուլան, - երբ Հեկտորը ատամները սրեց հայելու վրա ու գռմռաց դժգոհ, փորձելով արդարանալ հատակին թափված ջրի համար, - Տե´ս, սա դու ես, իսկ սա՝ ես:
Այդ գիշեր Հեկտորը թաթերով փակեց աչքեըը, որ երազ չտեսնի: Երազում տեսավ հայելուց այն կողմ իր նման մի քանի շան, վազեց ու ցատկով հայտնվեց նրան կողքին…
Երազը կիսատ մնացա: Քնից վեր թռավ ու վազեց պատուհանի մոտ:
Լիալուսին էր:
«Մանկասալյակ»
Առավոտյան և երեկոյան զբոսանքները Հեկտորի համար լի էին բացահայտումներում: Փողոցում՝ մարդիկ, մեքենանները այնքան շատ էին, որ սկզբում չգիտեր, թե ուր նայել: Աղմուկից շուտ հոգնում էր: Սիրում էր, երբ այգում էին զբոսնում, բայց դե միշտ և ամեն անգամ չէր, որ զբոսանքը դեպի այգի էր լինում: Տնեցիները հերթով զբոսնում էին Հեկտորի հետ: Առավոտյան զբոսանքներին հիմնականում մայր Սուսանիբարն էր Հեկտորի ուղեկիցը, հետն էլ խանութ էր մտնում օրվա գնումների համար:
Մի անգամ ճանապարհին հանդիպեցին Սուսանիբարների հին ծանոթներից մեկին: Տիկինը մանկասալյակով էր: Հեկտորը ուրախ մոտ վազեց. այգում զբոսնելիս քանի անգամ այդպես հանդիպել էր տարբեր մանկասայլակների, ժպտացել էր այնտեղ նստած կամ պառկած բալիկներին:
Այս անգամ բացահայտումը տարօրինակ էր այնքան ու այնքա՜ն անսպասելի, որ Հեկտորը վախեցած հետ-հետ գնաց ու կծկվեց Սուսանիբար մայրիկի ոտքերի մոտ:
- Դեյզիիս եմ ման տալիս, - ասաց տիկին Միլագրոսը, որ ինչպես պարզվեց, մայրիկի դասընկերուհին էր:
Հեկտորը դեռ չէր հաշտվում տեսածի հետ: Մանկասայլակի մեջ իր նման շունիկ էր: Ի՞նչ… Ո՞նց… Ինչո՞ւ… Գուցե Դեյզին վատառո՞ղջ է… Բայց կարծես՝ գոհ և ուրախ էր, այդ դեպքում ինչո՞ւ իր պես չի վազվզում, այլ նստել է մանկասայլակ: Ախր, սա հեչ չի տեղավորվում շնային օրենքների մեջ:
Սուսանիբար մայրիկը հասկացավ Հեկտորի անհանգստությունը:
- Դեյզի´, փոքրի´կ, ինչպե՞ս ես, - առաջ եկավ ու հարցրեց մանկասայլակում արքայավայել փռված շնիկին, որն իր կյանքից չափազանց գոհ էր, - Տեսքդ հրաշալի է, գեղեցկուհի´ ես:
Միլագրոսը շոյվեց Սուսանիբար մայրիկի այս ջերմ խոսքերից.
- Դեյզիս շատ նրբիկն է, որ օրն անձրև է կաթում, էլ չի ուզում իջնել զբոսանքի, ես էլ ճարահատյալ մանկասալյակով եմ ման տալիս. հա´մ իր ոտքերը չեն ցեխոտվի, հա´մ էլ մաքուր օդին կզբոսնենք:
- Նրբիկ է, մի քիչ էլ կամակոր է փաստորեն, - ծիծաղեց մայր Սուսանիբարը:
Հեկտորը քաջալերվեց մայրիկի խոսքերից, կամացուկ առաջ եկավ, ու քիթը մի անգամ էլ մոտեցրեց մանկասայլակին, որն ինչպես հասկացաք՝ շնասայլակ էր իրականում, նույնիսկ կարելի է անվանել՝ «կառք՝ Դեյզիի համար»:
Դեյզին սիրունիկ արծաթագույն պուդել էր: Նա, իբր, չնկատեց Հեկտորին, շարունակում էր նայել ինչ-որ հեռու, անհայտ կետի: Հեկտորը կարճ հաչեց՝ որպես ողջույն, հետ քաշվեց ու սկսեց պտտվել Սուսանիբար մայրիկի ոտքերի շուրջ: Այդպես էր անում, երբ ուզում էր հասկացնել, որ արդեն ձանձրանում է:
Սուսանիբար մայրիկը հրաժեշտ տվեց դասընկերուհուն: Հեկտորի հետ քայլեցին դեպի այգի: Այնտեղ մի տատիկ թոռնիկին էր ման տալիս մանկասայլակով: Հեկտորն ուրախ հաչոցով վազեց մանկասայլակի ուղղությամբ: Մանկասյալակից ևս ուրախ ողջունեցին ՝ բո՜ւ, բո՜ւ…
- Ինչ լավն է ձեր շունիկը, թոռնիկս ուրախացավ, - ասաց մանկասայլակով տատիկը, երբ Սուսանիբար մայրիկը հավասարվեց նրան:
- Կիվիս հրաշք է, - ժպտաց Սուսանիբար մայրիկը, - իսկ երեխաների համար խելքը գնում է:
Քայլող դիմակներ
Երանելի ժամանակներ էին… մինչև մի օր Հեկտորը լսեց ՎՏԱՆԳ բառը: Առաջին անգամ էր լսում՝ այն էլ միանգամից բոլոր կողմերից: Բոլոր ալիքներով սկսեցին նույնը հայտարարել: Հեռուստաէկրանից դիմակավորներ երևացին, որ ինչ որ հրահանգներ էին տալիս: Մի ալիքով հայտնում էին, որ փոշին պիտի նստի մոտավորապես երկու շաբաթում, մյուսով այդ փոշուն ինչ-որ թունավոր բաղադրություն էր կցվում: Երրորդով մի աստղագուշակ հայտնեց, որ տնից անվտանգ կարելի է դուրս գալ միայն կարճ ժամանակով: Հետո ինչ-որ անհասկանալի խորհուրդներ տվեց: Ամենից ոգևորվածը հենց այդ աստղագուշակն էր: Մնացած հաղորդավարները, էկրանին ստեպ-ստեպ հայտնվող դիմակավոր փորձագետները վախեցած կլորացած աչքեր ունեին: Էկրանին՝ բոլորի խոսքին զուգահեռ՝ վազող տողով մեծ-մեծ տառերով թարթում էր ՎՏԱՆԳ բառը…
Հեկտորը վազեց, միջանցքում դրված հայելու մեջ իրեն նայեց: Չէ´, իր աչքերը տեղից կլոր էին: Իսկ ա´յ, Սուսանիբար մայրիկի մասին նույնը դժվար, թե ասեր…
Վտանգը հայտարարելուց հետո առաջին օրերին Սուսանիբարներն ընդհանրապես դուրս չեկան տնից: Հեկտորն ուրախ էր սկզբում. լիուլի վայելում էր բոլորի սերն ու համբերատար կատարում էր Պաուլայի բոլոր հրահանգներն ու մասնակցում նրա հորինած տարատեսակ խաղերին: Ամբողջ օրը միասին խաղում էին, ուտում, քնում, հեռուստացույց դիտում, հետո նորից՝ նույն հերթականությամբ:
«Եթե օրերը կրկնվելու հատկություն ունեն, երջանկության նշան է», Հեկտորը դա վաղուց գիտեր… Բայց երբ կրկնությունը երկարեց, նա սկսեց անհանգստանալ: Տնեցիները չափազանց տարօրինակ էին դարձել. հայր Սուսանիբարը մայր Սուսանիբարի ամեն ասածին միանգամից համաձայնում էր, մայր Սուսանիբարն էլ ամեն րոպե հարցնում էր, թե ինչպես է իրեն զգում հայր Սուսանիբարը, արդյո՞ք ինչ որ բանի կարիք չունի: Պաուլան դարձել էր աշխարհի ամենաբարի, լսող դուստրը, նույնիսկ Էքնա ծովախոզուկն ամբողջ օրը ծպտուն չէր հանում, այնպես որ մի օր նույնիսկ մոռացան նրա բաժին կերը լցնել վանդակում:
ՎՏԱՆԳ բառն այնքան սարսափելի էր թվում, ասես մարմին ու ձև էր ստացել ու հիմա հետևում էր տան անցուդարձին: «Տնից պետք է դուրս գալ… Եթե դուրս գանք զբոսանքի, ամեն բան կփոխվի»՝ արդեն համոզված էր Հեկտորը, բայց տնեցիք չէին շտապում քթները տնից դուրս հանել: Մինչև մի օր ստիպված եղան դուրս գալու խանութ՝ պարզ պատճառով. տանը մի փշուր հաց անգամ չէր մնացել:
Վերջապես փողոցում էին: Հեկտորին թվում էր, թե նոր-նոր բացահայտում է աշխարհը: Չէր պատկերացնի երբեք, որ փողոցում վազելուն այսքան կկարոտի, կամ որ խոտերի մեջ թավալ գալն այսքա՜ն հրաշք բան է: Ծաղիկների բույրը թոքերն էր լցվում, իսկ ծիտիկները եռանդուն ծլվլում էին: Երազներից մեկում նման բան էր տեսել, բայց սա իր ամենաֆանտաստիկ երազից տարբեր էր:
Մարդիկ՝ դնչկալներով…
Մի պահ Հեկտորին թվաց՝ հեղափոխություն է եղել ու շները որպես հակադարձում՝ տարիներով դնչկալներով ման գալու պարտադրանքին, ստիպել են մարդկանց դնչկալներ կրել: Հետո աչքերը հանդիպեցին հայր Սուսանիբարի աչքերին. այնքան վախեցած ու մոլորված էին: Հեկտորը կանգնեց հետևի թաթերի վրա, առջևի թաթերով փաթաթվեց հայր Սուսանիբարի ոտքերին ու երկա՜ր կլանչեց:
Գիշերը չքնեց: Անընդհատ վեր էր թռչում. դնչկալներով մարդիկ ամեն կողմից շրջապատել ու քայլ-քայլ մոտենում էին: Հետո հանկարծ ամեն մեկը հայտնվում էր առանձին ակվարիումի մեջ, ակվարիումը շենքի էր վերածվում, շենքի վրա վերևից մեծ վանդակներ էին ընկնում՝ վանդակում էին ակվարիում-շենքը, որ քամին գլորում էր դեպի օվկիանոս:
Մի օր լսեց՝ ինչպես մայր Սուսանիբարը հուսատահատ լացում էր…
«Իմոնք այևս երջանիկ չեն» մտածեց: «Օրերի կնկնվելու հատկությունը բավարար չէ երջանկության համար»:
Հաջորդող օրերին խաղ մտածեց. այնքան էր դուռը ճանկռոտում, մինչև հայր Սուսանիբարը դուռը բացեր ու ասեր՝ «միայն մի պտույտ արա շենքի շուրջն ու ետ արի»: Հևիհև վազում էր աստիճաններով, փողոցում արդեն թռչկոտում էր ուրախությունից. գնում կանգնում էր դնչկալով մեկի առաջ ու անշարժանում, մինչև վերջինս կռանում էր, իջեցնում էր մի պահ դնչկալն ու իր որպիսությունը հարցնում. համ ինքն էր լավ զգում, համ դնչկալից ազատվողը՝ թեկուզ մի քանի վայրկյան:
Պատվաստում
Ամառ օրով Ծովախոզուկ էքնան երկու անգամ փռշտաց.
- Հափչի´, հափչի´…
Հեկտորը հաջորդ օրն արդեն սպասասրահում էր… սպասում էր գրիպի դեմ պատվաստմանը:
Պատին մեծ ցուցանակ էր փակցված, վրան երկու շուն՝ առաջինը փրկում էր երկրորդի կյանքը: Այդպես էլ գրված էր. «դարձիր դոնոր՝ փրկիր կյանքեր…»: Այսպիսի հոլովակներ հարյուր անգամ տեսել էր, երբ մայր Սուսանիբարը հեռուստացույցը միացնում էր, իսկ ինքը գնում էր իր գործերով խոհանոց: Բայց որ շներն էլ կարող են դոնոր դառնալ մեկը մյուսի համար, սա իսկապես շշմելու նորություն էր… «Ես էլ կուզեի կյանքեր փրկել»՝ մտածեց Հեկտորը: Հետո պատկերացրեց այն շունիկներին, որոնց երակներով իր արյունն է հոսելու: Տեսնես, արյան հետ իր հիշողություններից էլ կանցնի՞ մյուս շներին: Եթե այդպես է, այսօրվանից պետք հնարավորինս լավ հիշողություններ կուտակել, որ մյուս շունիկներին օգնի արագ կազդուրվել:
Չհասցրեց այդ մասին երկար մտածել, որովհետև բժշկուհին կանչեց:
Բժշկուհին շատ բարի էր:
- Մի քիչ դիմացիր, սիրելի´ս, մեկ ծակոց է ընդամենը:
- Ոնց որ մոծակը կծի… չես էլ զգա, - հավելեց Պաուլան, որ եկել էր իր սիրելիին ուժ տալու: Պաուլան ճիշտ պահին խոսեց՝ շեղելով Հեկտորի ուշադրությունը՝ ներարկիչը ձեռքին բժշկուհուց:
-Ամեն բան լավ է, - ժպտաց բժշկուհին: - Դրսում մի քիչ սպասեք, մինչև գրանցումներն անեմ ու կարող եք գնալ տուն:
Տխուր աչքերով շունը
Երբ միջանցքում նստած սպասում էին, մի շուն անցավ տիրոջ հետ: Հետո վերադարձան: Շունը նստեց հատակին՝ տիրուհու ոտքերի տակ: Աչքերն այնքա՜ն տխուր էին… Դողում էր…
- Բերտաս հիվանդ է, բայց մենք պայքարելու ենք… - ասաց տիրուհին ( երիտասարդ աղջիկ էր):
Հեկտորը տեղում անհանգիստ շարժվեց ու քաշեց Պաուլայի թևքից: Հետո դունչը տնկեց դեպի ցուցանակը:
-Կիվին ուզում է օգնել ձեր Բերտային, - ասաց մայր Սուսանիբարը, որ վաղուց արդեն հասկանում էր Հեկտորի ամեն մի շարժումը:
Բոլոըը հասկացան իրար՝ առանց մեկնաբանությունների:
Մայր Սուսանիբարը մեկ անգամ էլ մտավ բժշկուհու մոտ՝ պատվաստման թերթիկը վերցնելու, հետն էլ մի քանի հարց տվեց նրան:
- Երկու շաբաթից… - բժշկուհու մոտից դուրս գալով՝ ասաց մայր Սուսանիբարը Բերտայի տիրուհուն, - առողջություն ձեր Բերտային, մեր Կիվին էլ երկու շաբաթից կօգնի, որպեսզի Բերտան արագ ապաքինվի:
Բերտայի տիրուհին հուզված՝ տեղից թռավ, գրկեց մայր Սուսանիբարին, հետո Պաուլային, հետո երկար ու պինդ գրկեց Հեկտորին ու Հեկտորը զգաց, թե ինչպես նրա աչքերից արցունքը կաթաց իր մաշկին…
Բերտան մոտ եկավ, հոտոտեց բոլորին, թռավ իր տիրուհու գիրկը ու պատուհանից դուրս նայեց: Աչքերը տխուր էին:
Երկու շաբաթից նորից պիտի ծակեին Հեկտորի թաթը, բայց այս անգամ այնքա՜ն կարևոր ու օգտակար էր իրեն զգում, որ պատրաստ էր՝ թեկուզ տասն անգամ էլ ծակեն թաթը:
«Բերտայի համար ուրախ հիշողություններ պիտի կուտակեմ այս երկու շաբաթում»՝ որոշեց Հեկտորն ու քնեց:
Քույր ու եղբայր
Անհանգիստ էր: Ամբողջ գիշեր համարյա աչք չկպցրեց: Վաղը կարևոր օր է: Ինքը դոնոր է դառնում:
Այդ օրվան սպասում էր արդեն երկու շաբաթ:
- Կեցցե´ս, Կիվի´, - ասաց բժշկուհին, երբ Հեկտորը ցատկեց իջավ բժշկական սեղանից:
Այսքա՞նն ընդամենը… Ճիշտն ասած, Հեկտորը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում արյուն նվիրելն ու դոնոր լինելը: Նա պատրաստ էր մի քանի ժամ անշարժ պառկել, տարատեսակ զրկանքների միջով անցնել, միայն թե իր արյունն օգներ Բերտային: Այնքան էր տրամադրվել այս կարևոր օրվան… Բժշկուհին ասաց՝ կեցցե´ս, ու ամեն բան արագ ավարտվեց: Չհասցրեց անգամ վերջին շաբաթների կուտակած բոլոր դրական դիպվածները մեկ առ մեկ հիշել, որպեսզի դրանք որպես հավելյալ լիցքեր փոխանցվեին և օգնեին Բերտային արագ ապաքինվել:
Արտասովոր զգացողություն էր…
Ինքը մի քանի կաթիլ կյանք էր նվիրել իր նման մեկին: Հեկտորի կյանքի ամենակարևոր օրն էր այսօր: Դե հա, Սուսանիբարների տանը հայտնվելու օրն էլ էր կարևոր, բայց սա ուրիշ էր. սա իր որոշումն էր, իր գիտակցական քայլը:
Կանգնեց նույն պատուհանի մոտ, որտեղից երկու շաբաթ առաջ դեպի դուրս էր նայում Բերտան… Ամեն բան լավ է լինելու, վստահ էր:
Երբ դուրս եկան փողոց, օրն էլ էր կարծես արտասովոր, արևն էլ, մարդիկ էլ…
- Կիվի´, դու իմ հերոսն ես, դու իմ քաջ ՀԵՐՈՍՆ ես…
Պաուլան գրկել էր Կիվիի դունչն ու ողջ ուժով սեղմում էր իր դեմքին:
Բերտայի երակներով իր արյունը կհոսի… Ինքն ու Բերտան քույր ու եղբայր կդառնան: Այս մասին չէր մտածե: Այս միտքը շատ դուրն եկավ. Հեկտորը արդեն քույր ունի Բերտա անունով: Հրաշալի՜ է: Աննմա՜ն է:
Ուրախ հաչեց ու պտտվեց ետևի թաթերի վրա:
Գիշերը մի ակնթարթի պես անցավ: Այնքա՜ն խաղաղ էր քնել:
Վերադարձ զրո կետ (Սկիզբ)
Քաղաքի կենտրոնը տնից տասը րոպե հեռավորության վրա էր, եթե մեքենայով գնային: Հեկտորը նախընտրում էր ոտքով զբոսանքը: Այդպես էին անում, երբ հայր Սուսանիբարը հոգնած չէր, կամ էլ կիրակի էր:
Այսօր էլ կիրակի էր:
Կենտրոնում աշխուժություն էր: Շուտով հասան փոքրիկ բազմանկյուն հրապարակի: Այստեղ միշտ խմբված մարդիկ կան. կամ միջոցառում է՝ երգում պարում են, կամ ֆիլմ են նկարահանում: Հրապարակի մի կողմում էլ մշտապես հերթ է՝ ֆիլմ դիտելու համար:
Հրապարակի մեջտեղում, ուր ամանորին խաղալիքների տնակ-տոնավաճառ է լինում, երիտասարդներ էին հավաքված: Ձեռքերին ծրարներ կային: Մոտենում էին, ներկայանում ու սկսում զրույցը: Ամեն բան այնքա՜ն ծանոթ էր: Մոտեցան հրապարակի կենտրոնում հավաքվածներին: Կենտրոնում շրջանաձև շներ էին՝ նստած, պառկած…
Հեկտորը հիշեց. հանկարծակի, հստակ: Հիշեց այն օրվա բոլոր մանրամասները…Ախր, ինքն էլ էր այդպես մի օր ձմռան ցրտին սպասում: Մի տարին ո՜նց անցավ, այսքան արագ…
«Ահա´, եկավ հայր Սուսանիբարը: Նայում էր մեկ շներին, մեկ նրանց շուրջը կանգնած ու անցորդների հետ զրուցող երիտասարդներին: Չէր կողմնորոշվում. մոտենալ թե ոչ. վերջապես մոտեցավ, խոսեց դեղին բաճկոնակով աղջկա հետ: Հետո զգաց նրա վերարկուի տաք գրկախառնությունը… Դրվագները եկան-միացան ու փազլը հավաքվեց…»:
Հանկարծ տեսավ այն նույն աղջկան… Վազեց առաջ… Հաջորդ վայրկյանին արդեն աղջկա գրկում էր:
- Ողջույն, Հեկտո՞ր… ոնց ես մեծացել…
- Մեր Կիվին է, - հայր Սուսանիբարը երևի չլսեց աղջկա ասածը: Իսկ Հեկտորն աշխարհքով մեկ էր եղել:
Այնքան էր կարոտել իր անվանը… Այնքա՜ն վաղուց չէր լսել…
Հայր Սուսնիբարը աղջկա ու մյուս կամավորների հետ էլի մի քիչ զրուցեց, իսկ Հեկտորը մոտեցավ, հոտոտեց հերթով իր ցեղակիցներին.
«Ես գտել եմ իմոնց… Դուք էլ կգտնեք…անպայման»՝ վստահեցրեց:
Երկար քայլեցին կենտրոնական փողոցով:
«Երջանկությունը երկար, անծայր փողոցի պես է. գնում, գնում ես ու ինչքան երկար ես գնում, այնքան ուզում ես, որ փողոցն այդ երբեք չավարտվի…»:
Հեկտորը այնքա՜ն երջանիկ էր, որ գտել էր իր տունը: Մյուս շներին էլ հաստատ կորդեգրեն բարի մարդիկ:
Փրկարար ձեռքեր
Բակի խոտերից մի պստիկ տիզ էր հաջողացրել կպչել Հեկտորի թաթին, ու քանի ժամ էր՝ քոր էր տալիս, անհանգստացնում էր: Հեկտորն այդ օրը հա քիթը քսեց գետնին ու նվնվաց, մինչև Մայր Սուսնիբարը ուշադիր զննեց նրա մաշկը, հեռացրեց չարաբաստիկ մակաբույծին, որ իր պստիկ տեղով այդքան անհանգստություն էր պատճառել: Բժշկեց, դեղեր քսեց, նույնիսկ չտեսնելու տվեց Հեկտորի շոկոլադ թռցնելը…
Մինչ այդ էլ մայր Սուսանիբարը Հեկտորի համար չքնաղ, նմանը չունեցող էակ էր, տզի հետ կապված պատմությունից հետո Հեկտորը լրիվ հմայվել էր… ախր, ոնց կարող էր իր բախտն այսքան բերել, ոչ միայն իրենը՝ Պաուլայինը, որ աշխարհի ամենամայրիկն իրենն է, իսկ հայր Սուսանիբարը ուղղակի պիտի ամեն օր գնա ու մոմ վառի մոտակա եկեղեցում: Հա, լավ կանի, որ չհետաձգի ու հենց վաղն էլ գնա: Հեկտորն էլ ստեպ-ստեպ կանգնում էր սենյակի կենտրոնում, լեզուն դուրս էր գցում ու հիացած նայում էր մայր Սուսանիբարին: «Մայրիկն աշխարհի ամենաբարի էակն է»:
- Վա՜յ Կիվի, չկա քեզ նման երկրորդը, - ծիծաղում էր մայր Սուսանիբարը, - վաղը քո սիրած ժելե-կոնֆետներից կգնեմ:
Դոնդողե կոնֆետներ
Մայր Սուսանիբարը շա՜տ ուշացավ: Խանութ էր գնացել: Երևի իր համար փոքրիկ դոնդողե կոնֆետներ էր փնտրում ու չէր գտնում: Ինքը հատկապես ոսկորի ձևովն է սիրում: Երկար սպասեց…
Արթնացավ անսոովոր աղմուկից:
Հայր Սուսանիբարը շնչակտուր իրեն տուն գցեց, մայրիկի իրերից մի քանի բան վերցրեց, գցեց սպորտային պայուսակը: Հողաթափե՞րն ինչու վերցրեց, հետո էլ հետ՝ տեղը դրեց: Մայր Սուսանիբարը դրանք միայն տանն է հագնում, իսկ դուրս գալիս թողնում է միշտ շեմքի փոքրիկ պահարանիկի դարակում: Տարօրինակ էր…
Հետո Հայր Սուսանիբարը Պաուլային ձայնեց, ձայնն էլ ոնց որ իրենը չլիներ, այլ անծանոթ մեկինը: Ասաց, որ արագ մի երկու անհրաժեշտ իր վերցնի ու գիշերազգեստը, գնում են տատիկի տուն:
- Կիվիին էլ տանենք, պա´պ, - խնդրեց Պաուլան:
- Կարի´, Կիվին տանը կմնա, մորդ օգնող է պետք:
Առաջին անգամ Հեկտորը հայր Սուսանիբարի ձայնի մեջ այնպիսի սառը նոտաներ լսեց: Վազեց-նստեց մուտքի դռան, ու աչքերը հառեց նրան. խնդրում էր, որ բացատրի, թե ինչ է կատարվում:
- Լավ կլինի, - հայր Սուսանիբարը մեղմացավ, նույնիսկ շոյեց Կիվիին, բայց այնքան տխուր թվաց:
Դուրս եկան ու դուռը փակվեց նրանց հետևից:
Հեկտորը մնաց մենակ: Իրեն այնքան միայնակ ու անօգնական զգաց:
Առաջին անգամ ինքն անպետք էր ու լքված: Դունչը դրեց թաթերին ու աչքերը բաց՝ մնաց… Այդ գիշեր չքնեց: Այդ գիշեր Հեկտորը հասկացավ, որ տխրությունը սաստականում է գիշերը: Մի նոր զգացողություն էլ ուներ, բայց չէր հասկանում, թե ինչ է. սիրտը ասես ականջների մեջ արձագանքեր, դմփդմփար, օդը չէր հերիքում…
Եթե ինքը մարդ լիներ, երևի կկարդար դրա բացատրությունը գրքում, կամ կփնտրեր համացանցում, բայց քանի որ ինքը ուղղակի լքված շուն էր, որոշեց, որ միայնակ ու լքված լինելն ամենավատ բանն է աշխարհում:
Վրաերթ
Հաջորդ օրը պատգարակի վրա բերեցին մայր Սուսանիբարին: Հեկտորը միայն ֆիլմերում էր տեսել նման բան: Չգիտեր, թե ինչ անել ու լաց եղավ… Բարձր, այնքա՜ն բարձր, որ մայր Սուսանիբարը հազիվ լսելի թույլ ձայնով սաստեց.
-Կիվի´, սըը՜սսս…
Այս տանն ապրած իր կյանքի ողջ ընթացքում առաջին անգամ իր համար այնքա՜ն քաղցր հնչեց Կիվի անունը: Հոգ չէ, թե մայր Սուսանիբարը սաստում էր իրեն: Ինքը պատրաստ էր ամբողջ կյանքում մնալ Կիվի, միայն թե մայր Սուսանիբարն ապաքինվի:
Հեկտորը վազեց ու պառկեց մայր Սուսանիբարի անկողնու մոտ՝ հատակին: Հաջորդող երեք ամիսներին այդտեղ էր քնում:
Վստահված անձ
Սկզբի օրերին մայր Սուսանիբարը անշարժ էր: Աննշան շարժումից տնքում էր: Երկու ոտքը գիպսի մեջ էին, ձեռքերին՝ վիրակապեր: Հեկտորին թվաց՝ ինքը կխելագարվի, եթե մայր Սուսանիբարին մի բան պատահի:
Գիշերները Հեկտորը լաց էր լինում շնավարի, անձայն, որ մայր Սուսանիբարը չլսի. աչքերը փակում էր ու սկսում էր դողացնել: Իսկ օրվա ընթացքում «պոչի» նման վազում էր հայր Սուսանիբարի հետևից, որ ինքն էլ մի բանով օգնի, օգտակար լինի տանը:
Պաուլան տատիկի հետ կիրակի օրը եկավ ու գնաց նորից: Հեկտորը նրան մի տեսակ մեծացած տեսավ: Պաուլան շոյեց Հեկտորին ու գնալուց առաջ ասաց.
- Մամային կօգնես, Կիվի´, խնդրում եմ, դու հիմա նաև իմ փոխարեն ես, իմ վստահված անձը, քանի դեռ ես տատիկի տանն եմ լինելու:
Հեկտորի աչքերը լցվեցին. ուզեց լացել՝ բարձր, շա՜տ բարձր ձայնով, բայց ուշ էր արդեն, մայր Սուսանիբարը նոր էր ցավազրկող հաբը խմել, ուստի անձայն եկավ պառկեց նրա ոտքերի տակ:
Մայրիկի ոտքերը անշարժ փաթաթած գերաններ էին հիշեցնում. մի քանի անգամ նույնիսկ բուժքույր եկավ տուն՝վիրակապերը փոխեց:
- Կյանքը հետաքրքիր բան է, - տխուր ժպտաց մայր Սուսանիբարը, երբ բուժքույրն ավարտեց աշխատանքը, - միշտ ես եմ ուրիշներին օգնել, վիրակապել, հիմա ի վիճակի չեմ անգամ վիրակապս ինքնուրույն փոխել:
- Լավ կլինի… - ասաց հայր Սուսանիբարը ու գնաց խոհանոց, երևի ջուր բերելու: Հեկտորը վազեց նրա հետևից ու տեսավ, թե ինչպես էր անձայն արտասվում:
Մայր Սուսանիբարը ոչ մի օր չլացեց, ոչ մի օր չբողոքեց. բոլորին ինքն էր հույս տալիս: Հետո արդեն, խոսակցության պատառիկներն իրար կպցնելով՝ Հեկտորը հասկացավ, թե ինչ է եղել այն չարաբաստիկ օրը:
Մայր Սուսանիբարը խանութից էր վերադառնում, մոտոցիկլով էր, կանաչը թարթել է ու ինքը շարունակել ճանապարհը, իսկ մայրուղուց թեքվող վարորդը չի նկատել նրան, հարվածել ու թռցրել է քանի մետր…
Մի քանի օրից, երբ հայր Սուսանիբարը պիտի արդեն աշխատանքի վերադառնար, առավոտյան մոտեցավ Հեկտորին, որ պառկած նայում էր քնած մայրիկին, կռացավ ու կամացուկ շշնջաց ականջին.
- Կիվի, քո խնամքին եմ թողնում մայրիկին, լավ կնայես նրան:
Հեկտորը երկար անթարթ նայեց հայր Սուսանիբարի աչքերին:
- Ապրե´ս, Կիվի, դու նրան ոտքի կհանես, ես վստահ եմ, - ասաց հայր Սուսանիբարն ու հետևից կամացուկ ծածկեց դուռը:
Հեկտորն իրեն այնքան կարևոր էր զգում: Դարձավ մայր Սուսանիբարի պահապան հրեշտակը:
Գրքեր
Մայր Սուսանիբարը քիչ-քիչ կազդուրվում էր: ժամանակը գոնե մի փոքր առաջ գլորելու համար շատ էր կարդում: Հիմա բարձրաձայն էր կարդում, որպեսզի Հեկտորն էլ լսի: Միասին ծիծաղում էին, մայրիկը անհասկանալի մասերը հնարավորինս մատչելի բացատրում էր Հեկտորին: Երբ մահճակալի կողքի լամպը միացված էր մնում ընթերցանությունից հետո, Հեկտորը կամացուկ թաթով անջատում էր այն ու չէր քնում մինչև հայր Սուսանիբարը չգար տուն աշխատանքից: Պաուլան տատիկի տնից էր դպրոց գնում, քանի որ մայր Սուսանիբարը պիտի դեռ մի քանի ամիս անշարժ պառկեր:
Մայր Սուսանիբարի կողքի դարակին գրքերն օրեցօր ավելանում էին: Հեկտորն էլ նորանոր պատմություններ էր լսում գրքերից: Միայն մեկ անգամ մայր Սուսանիբարը փակեց հերթական գիրքը ու տխուր ասաց. երանի քեզ, որ վազել ես կարողանում: Ես էլ չեմ վազի, երբեք…
Հեկտորը զայրացավ, բողոքեց, կլանչեց, թռավ մահճակալին ու սկսեց լիզել մայր Սուսանիբարի ձեռքերը: Նեղացած պոչով հրեց գիրքը, որ տխրության առիթ էր տվել:
Մայր Սուսանիբարը հանգստացրեց նրան:
-Այսպես էլ երջանիկ լինելու այնքան բան ունենք, Կիվի´: Քիչ մնաց, իրար հետո քայլելու կգնանք, միայն թե չվազես արագ, լա՞վ, թե չէ հետևիցդ չեմ հասնի:
«Երջանիկ լինելու այնքա՜ն բան ունենք…» մի քանի անգամ կրկնեց Հեկտորը, որ չմոռանա:
ՀԵԿՏՈՐ
Պաուլան այդ օրը դպրոցից եկավ ու հետը բերեց դպրոցական պայուսակը, որ արդեն քանի ամիս տատիկի տանն էր թողնում: Հեկտորի ուրախությանը չափ չկար: Մայր Սուսանիբարը այդ օրը մաքրություն էր անում. դարակներն էր դասավորում՝ արդեն սայլակի վրա վարժ տեղաշարժվում էր տանը, իսկ այսօր նույնիսկ փորձել էր քայլել հենակներով, բայց դեռ ոչ ոք այդ մասին չգիտեր, Հեկտորից բացի:
Պաուլան պայուսակն իր սենյակ տարավ, վերադարձավ ու ինքն էլ գործի անցավ: Հասավ միջանցքի պահարանի ներքևի դարակին, ուր կոշիկների քուղերն ու կաշվե իրերի խնամքի զանազան քսուքներ էին պահվում, մեկ էլ ճչաց, այնպես որ մայր Սուսանիբարը սայլակի վրա հետ-հետ գնաց:
- Պաո´ւ, ի՞նչ եղավ քեզ…
- Մա՜մ… Կիվիի վզկապն է…
Մոտ վազեց, մեկնեց մորը վզկապը, իսկ ինքը եկավ, ծնկեց Կիվիի առաջ, որ տեղում անհանգիստ պտույտներ էր անում, գրկեց նրան ու ասաց.
- Քո իսկական անունը Հեկտո՞ր է, Կիվի´…
Կիվին վեր-վեր թռավ ուրախությունից, բարձր հաչեց ու սկսեց ցատկոտել Պաուլայի շուրջ, սենյակով: Հետո պոկվեց տեղից, վազեց խելահեղ արագությամբ սենյակի մի ծայրից մյուսը: Այդպես մի քանի րոպե:
…Ընթրիքից հետո մայրիկը գլխով նշան արեց Հեկտորին, Հեկտորը վազեց ու բերեց հենակները: Մայր Սուսանիբարն այդ օրը հյուրասենյակում երեք ամբողջական պտույտ արեց հենակներով, Հեկտորն էլ հպարտ վազում էր նրա կողքից:
Երազում ինքը թռչում էր շենքերի վրայով, իսկ շենքերի պատուհանները ակվարիումներ էին, ու ակվարիումների միջից մարդ ու ձուկ՝ լողակներով ողջունում էին.
- Ողջո՜ւյն… Ողջո՜ւյն, Հեկտո´ր:




Комментарии