top of page

Анна Карчикян

Фото автора: Book Fest
Book Fest
2 окт.
8 мин. чтения

Ատում եմ քեզ, իմ սեր:

Je te hais, mon amourI Hate You, My Love


Էքզիստենցյալ դրամա` մեկ գործողությամբ: ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ ՀԵՂԻՆԱԿ ՌԵՆԵ ԲԵԼԼՈՒԱՐ  - չստացված դրամատուրգ,, ով փորձում է ստեղծել իր կերպարին։ ԿԵՐՊԱՐ  — Հեղինակի ստեղծած կերպարը, որն աստիճանաբար ձեռք է բերում սեփական ձայնն ու ինքնությունը։ ՎԱՅՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ Գործողությունը տեղի է ունենում Փարիզում, հեղինակի սենյակում։ Ժամանակը՝ գիշեր։ Իրադարձությունները տեղի են ունենում Հեղինակի գիտակցության և իրականության սահմանագծում։

ՀԵՂԻՆԱԿ Չստացված տողեր, կիսատ միտք։

 

Կիսատ կերպար, որ հուսահատաբար փորձում էր դուրս պրծնել գլխիս քանդ ու քարափից, ինչպես երկրաշարժի փլատակների տակ մնացածը, որը վայրկյան հետո կմոռացվի։

 

Կմոռացվի իր հորինողի խեղված մտքում, ով գլխացավի հաբ էր կուլ տվել վայրկյան առաջ՝ որպեսզի չզգա նրա տառապյալ կանչը, նրա անլսելի ձայնը, նրա անխիղճ հարվածը իր հորինողի գանգատուփին։

 

Մեկ։

 

Երկու։

 

Երեք։

 

Կրկին։

 

Մեկ։

 

Երկու։

 

Երեք։

 

Զարկը՝ զարկի հետևից։ Հարված ոտքով, քացիներով, հարված ձեռքերով, ուսով, ամբողջ մարմնով։

 

ՄԵԿ։ ԵՐԿՈՒ… ԵՐԵՔ։

 

Կիսատ անուն։

 

Փ տառով սկսվող և չավարտվող, քանզի ոչ մի տառ, ոչ մի լեզվի այբուբենում, չցանկացավ իր կողքին հայտնվել։

 

Փ։

 

Միայնակ, լքված, օտարացած, աքսորված հնչյուն։

 

Փ - անհայրենիք։

 

Փ - անպիտան։

 

Փ - սատկած, փտող, բորբոսնած, հազարավոր անգամներ ջնջված-վերականգնված, թեպետ անշունչ, տրորված, փոշիացած։

 

Տառ, որ պոտենցիալ ուներ բառ դառնալու։

 

Բառ, որ պոտենցիալ ուներ անուն դառնալու։

 

Անուն, որ պոտենցիալ ուներ կերպարի վրա դրոշմվելու՝ իրեն դարձնելով հերթական՝ Փիթեր, Փերսի, Փոլ, Փիրս։

 

Կերպար, որ պոտենցիալ չուներ մարդ դառնալու, քանզի նույնիսկ մարդիկ պոտենցիալ չունեն մարդ դառնալու։

 

Մարդիկ, ովքեր նվազում են, ինչպես մարտկոցի լիցքը՝ վերածվելով կերպարի, բառի, տառի, մտքի, լոկ ծագող ու մարող հիշողության։

 

Կիսատ հեղինակ։

 

Կիսամարդ։

 

Ավերակ, որի փլատակների տակ խեղդվում էին այդպես էլ չծնված հերոսները։

 

Անիծված մտքերի գերեզմանատուփ՝ կիսաշնչող, կիսաբանական, կիսաիրական մտահղացումներով։

 

Մի ոտանի, մի ձեռանի, մի աչքանի, մի տառանի, միապաղաղ։

 

Աղբ-ա-ման։

 

⸻

 

 

 

ՏԵՍԱՐԱՆ

 

/Լույսերը հանգչում են։ Հեղինակի սեղանին դիակ է հայտնվում։ Մարմինը սևով է փաթաթված։ Հեղինակը կանգնած է մեջքով։ Լույսերը վառվում են։ Հեղինակը վերցնում է գրիչը և վիրադանակի պես անցկացնում մարմնի վրայով։

/

ՀԵՂԻՆԱԿ

 

Գրիչս չի գրում, երբ մտքերս քո մասին են։

 

Կարծես ոչ թե հորինում, այլ հիշում եմ քեզ։

 

Կարծես միշտ կայիր՝ որպես մեռնող հիշողություն։ Գրեթե իրական, որը փորձում է միտս գալ, բայց միակ բանը, ինչ հիշել է ստացվում, հենց հիշելու մասին միտքն է։

 

Գուցե չկաս։

 

Գուցե չպիտի լինես։

 

Գուցե մեռած ես ուզում մնալ։

 

Ո՞վ եմ ես, որ արթնացնեմ քեզ ու ստիպեմ տառապել սյուժես առաջ տանելու համար, հանդիսատեսից ծափեր վաստակելու նպատակով, երկու կտոր հաց առնելու խաթր։

 

Ո՞վ եմ ես, որ խախտեմ քո հավերժ թերի անթերիությունը։

/Հոգոց, դադար/

Գրիչս չի գրում, երբ մտքերս քո մասին են։

 

Գուցե Փ տառով չի սկսվում անունդ։

 

Գուցե դեռ չի հորինվել նման անուն։

 

Գուցե երբեք էլ չես ունեցել այն, և հենց այդ պատճառով անկարող եմ հիշել։/Հեղինակը շրջում է սենյակով/

 

Ես պատկերացնում եմ քեզ սևահեր, սևաչք, սևազգեստ՝ սևի մարմնավորում։

 

Ասես խժռող մեղքի զգացում ու ներվելու ցանկություն։

 

Ասես ափսոսանք ու մոլեգին ցասում։

 

Խելագար ցնորք։

 

Աններելի մեղք։

 

Չհագեցող ծարավ։

 

Անկառավարելի զայրույթ։

 

Կրկնվող մղձավանջ։

 

Ցավագին զարկ։

 

Գրավիչ, սակայն թունավոր պտուղ։

 

Գեղեցիկ ու ցանկալի սուտ։

 

Անդառնալի հետևանք։

 

Մահացու մոլուցք։

 

Հավերժական անեծք։

 

Ես զգում եմ քեզ ամեն նվագած նոտայի հետևում, ամեն գրված ու չգրված տողի արանքում, ամեն ճշմարիտ ու հորինված հուշում։

 

Ես զգում եմ քեզ ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան՝ իմ դիմաց, իմ կողքին, իմ ներսում։

 

Գուցե խլես մի օր գրիչը ձեռքիցս ու ինքդ մաքրագրվես խզբզված թերթերիս ազատ հատվածներում։

/Դադար/

Կյանքդ իմ ձեռքում՝ պարզապես սևագիր։

 

Կյանքդ իմ ձեռքում՝ ասես դատավճիռ։

 

Կյանքդ իմ ձեռքում՝ ասես…

 

Պատիժ։

 

Թանաքի պարը թերթիս վրայով՝ ինչպես մտրակի հարված։

 

ՄԵԿ։ ԵՐԿՈՒ։ ԵՐԵՔ…

 

Հարված գանգատուփիս։

 

Սոսկալի աղմուկ։

 

Բղավո՞ւմ ես վրաս, թե՞ ողորմություն ես խնդրում։

 

Ատո՞ւմ ես, թե՞ աղոթում ինձ։

 

Հանձնվո՞ւմ ես, թե՞ դիմադրում։

 

Սպանում ես ինձ։

 

Սպանում ես ինձ…

 

Թե՞ կենդանանում։

/դադար/

Դու իմ տառապանք։

 

Իմ օրհնություն։

 

Դու իմ ցմահ բանտարկություն։


/Հանկարծ անսպասելի ձայնը կտրում է Հեղինակի մենախոսությունը։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Վերջացրի՞ր։

 

/Հեղինակը կամաց բարձրացնում է հայացքը դեպի սեղանին անշարժ պառկած դին, որը հենց նոր պատասխանեց։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Իմ հերթն է խոսելու։

 

/Հեղինակը տարակուսած նայում է սևով փաթաթված մարմնին։ Կերպարը, առանց շտապելու, քանդում է վիրակապերը դեմքի վրայից, բայց ոչ մինչև վերջ։ Տեսանելի է դեմքի միայն կեսը։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Սրտխառնոց… ահա թե ինչ եմ զգում քեզ լսելիս։

 

Խղճուկ, չստացված հեղինակ, ով մի պիես անգամ չի կարողանում ավարտի հասցնել։

 

Ջուր տուր ինձ։

 

/Հեղինակը կարկամած կանգնած է։/

 

ԿԵՐՊԱՐ

Ինչի՞ ես կանգնել։ Ջուր տուր ինձ։

 

/Հեղինակը դողացող ձեռքերը պարզում է սեղանին դրված ջրի բաժակին, որից քիչ առաջ կում էր արել հաբը կուլ տալու համար։ Փոխանցում է նրան։ Կերպարը ագահորեն խլում է բաժակը նրա ձեռքից, խմում մինչև վերջին կաթիլը, այնուհետև ամբողջ ուժով նետում բաժակը կողքի պատին։ Բաժակը կոտրվում է։ Հեղինակը վեր է թռնում։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Էլի եմ ուզում։

 

Էլի։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Սա միակ բաժակն էր։

 

ԿԵՐՊԱՐ

Քմծիծաղով.

 

Չեմ զարմանում։

 

Ամեն ինչից մի-մի հատ ունես, երևի։

 

Մեկ սենյակ։

 

Մեկ ափսե։

 

Մեկ պատառաքաղ։

 

Մեկ վերնազգեստ։

 

Մեկ տաբատ։

 

Մեկ զույգ կոշիկ։

 

/Ուշադիր նայում է Հեղինակի ոտքերին։/

 

Մեկ կոշիկ՝ ձախ ոտքին։

 

/Ծիծաղում է։/

 

Մեկ գրիչ։

 

Մեկ տետր։

 

Ու ընդամենը մեկ կերպար։

 

//Վեր է կենում տեղից և շրջում սենյակի երկայնքով։/

 

Միայն ես՝ ամբողջ ընթացքում։

 

Բոլոր պիեսներդ իմ մասին են։

 

Մեկում սպանեցիր ինձ։

 

Մյուսում ստիպեցիր ինքնասպան լինեմ։

 

Հաջորդիվ ստորացրիր ինձ և ստիպեցիր դավաճանվել սիրելիիս կողմից՝ ասես անպիտան մսի կտոր։

 

/Ժպտում է։ Մոտենում է Հեղինակին։/

 

 

Ավտովթարի զոհ և, միևնույն ժամանակ, վարորդ։

 

Ապտակող և ապտակվող։

 

Դավաճանող և դավաճանվող։

 

Սիրող և չսիրվող։

 

Երբեք չսիրվող։

 

Ոչ մեկի կողմից։

 

Այլասերված գլխիդ թափոն, որից կյանքս վերամշակեցիր։

 

Կյանքս, որը վկայագրված է ճմրթված էջերիդ խառնված հերթականությունում։

 

Կյանքս, որի ավարտը վաղուց ես մտածել։

 

/Կերպարը կանգնում է հայելու առջև։/

 

Այս անգամ ի՞նչ ես անելու հետս։

 

Թողնելու՞ ես, որ շները հոշոտեն մարմինս՝ պատառ առ պատառ։

 

Ստիպելու՞ ես մորս մահվան ականատես դառնամ։

 

Գուցե այրելու ես ինձ։

 

Այրելու ես տունս, երեխաներիս, շանս, փաստաթղթերս։

 

Ստիպելու ես վտարանդի դառնամ։

 

Ճեմեմ քաղաքից քաղաք, երկրից երկիր և այդպես էլ տեղ չհասնեմ։

 

Գուցե զրկելու ես տեսնելու կարողությունից։

 

Կամ դիմագծերս այլանդակես, որպեսզի քարկոծվեմ։

 

Գուցե գլխատես ինձ։

 

Կամ շպրտես պատուհանից ցած։

 

Սովամահ անես։

 

Կամ գուցե հուսախաբ։

 

Ցավ պատճառես՝ անվերջ ու անդառնալի, նորից կրկնվող ու չդադարող։

 

Խաղաս նոր երանգներով՝ ամեն նոր պատմության շրջանակներում։

 

Մահ։

 

Ամենուրեք…

 

Մահ։

 

Շրջափակես ինձ մահվան շղթայով ու հեռվից նայես, թե ոնց եմ տառապում։

 

Ուժեղացնես ցավս, որ զգացմունքներից այլայլված՝ ծեփվեմ պատիեպատ։

 

Չէ՞ որ գեղեցիկ է տանջանքս։

 

Պոետիկ է։

 

Իսկական արվեստ։

 

/Կերպարը ծիծաղում է։ Հետո մոտենում է Հեղինակի սեղանին և թերթում գրածները։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Զավեշտալի է։

 

Այս անգամ ձեռքդ չի գնում նույնիսկ անուն դաջել վրաս։

 

Հետո արհեստականորեն ստիպես վախենամ, օրինակ՝ բարձրությունից կամ մթությունից։

 

Ստիպես հավատամ, որ զուր չեմ ապրում։

 

Հետո գրիչովդ դնես վերջակետ՝ գրիչդ վերածելով կոշիկի տակացույի, որը առանց վարանելու կճզմի գոյությունս՝ ինչպես աննշան խավարասերին։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Ներիր։

 

Մասնագիտությունս է։

 

ԿԵՐՊԱՐ

 

Իհարկե։

 

Չէիր կարող, չէ՞, լինեիր, օրինակ, բժիշկ։

 

Դիզայներ։

 

Իրավաբան։

 

Հավաքարար։

 

Լեզվաբան։

 

Մանկավարժ…

 

Չէ։

 

/Քմծիծաղով./

 

Բոլոր հնարավոր տարբերակներից քեզ հոգեհարազատ էր արարչի պաշտոնը։

 

Դե ինչ։

 

Ես այստեղ եմ։

 

Կարող ես խոսել ինձ հետ։

 

/Կերպարը մոտիկ է բերում աթոռը և նստում Հեղինակի առջև՝ աթոռը հակառակ դնելով ու ձեռքերը մեջքին հենելով։

 

Հեղինակի ծանրացած դեմքին մելամաղձոտ ժպիտ է ավելանում։ Քաշում է մյուս աթոռը և նստում Կերպարի դիմաց։/

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Երկու աթոռ։

 

ԿԵՐՊԱՐ

 

Ի՞նչ։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Ամեն ինչից մեկական՝ բացի աթոռից։

 

ԿԵՐՊԱՐ

 

Սպասո՞ւմ էիր ինձ։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Ենթագիտակցաբար՝ միգուցե։

 

Երևի՝ որ չնկատեմ մենությունս։

 

Զգամ գեթ մի հոգու առկայություն կողքիս։

 

Նույնիսկ եթե դատարկ աթոռ է։

 

Կպատկերացնեմ…

 

Պատկերացնելուց վատ չեմ։

 

Որ մեկը կա սենյակում՝ ինձնից բացի։

 

ԿԵՐՊԱՐ

 

Ես քո մենությունից չհաջողված փախուստն եմ։

 

Ճիշտ հասկացա՞։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Դու կաս ու չկաս։

 

Իսկ մենությունս վրաս կարված է, սերտաճած է ողնաշարիս, տարալուծված է երակներումս։

 

Մենությունս ստվերի պես ընկած է հետևիցս։

 

Չեմ կարծում, որ հնար կա իրենից ազատվելու, քանի դեռ կամ։

 

Նա իմ միակ կյանքի ընկերն է։

 

Միակ զուգակիցը։

 

Միակ զրուցակիցը։

 

Միակ սերը։

 

ԿԵՐՊԱՐ

 

Չի ստացվում արդյո՞ք, որ էլ միակը չէ, եթե ես այստեղ եմ։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Դու մենությանս մարմնավորումն ես։

 

Իր ձայնը։

 

Իր խոսքը։

 

Դու ես։

 

Դու ես մենությունս։

 

ԿԵՐՊԱՐ

 

Եթե ես էլ քեզ լքեմ…

 

Ի՞նչ ես անելու։

 

/Հեղինակն ուսերը թափ է տալիս։

 

Կերպարը վեր է կենում, մոտենում դաշնամուրին և քանդելով սև կտորները ձեռքերից՝ մատները մոտեցնում ստեղնաշարին։

 

Նվագում է Yann Tiersen-ի «Le Moulin»-ը՝ ընթացքում շարունակելով խոսքը։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Իմ անունն է՝ René Belloire։

 «Ռենե Բելլուար»։

 

Թափառելով աշխարհի բազմաթիվ քաղաքներով՝ որոշեցի հանգրվանել ամենատրիվիալ ու ձանձրալի քաղաքում։

 

Փարիզում եմ արդեն քսան տարի։

 

Կարելի է ասել՝ կյանքիս կեսը։

 

Իսկ մյուս կեսը՝ ավաղ, չեմ հիշում։

 

Փարիզ մտնելուն պես հիշողություններս թողեցի շեմին ու անվանափոխվեցի։

 

Ռենե։

 

Հասարակ ֆրանսիացու անուն ընտրեցի, ու քաղաքն ընդունեց ինձ։

 

Փարիզյան գիշերները ստեղծված են հոգիդ տակնուվրա անելու համար։

 

Բայց Ռենեն չունի հոգի։

 

Այլևս։

 

Ռենեն թողեց հոգին իր նախորդ մարմնում՝ մինչև Փարիզ մտնելը, իսկ Փարիզում դեռ չէր հասցրել բավականաչափ գիշերներ մաշել՝ հոգի ստանալու համար։

 

Ռենեն սոված էր։

 

Անգործ։

 

Թափառաշրջիկ։

 

Ռենեն չուներ ոչ ոքի՝ քաղաքից բացի։

 

Բայց քաղաքը ուներ երկու միլիոնից ավելի քաղաքացի՝ իրեն չհաշված։

 

Ռենեն մտածում էր, որ գիշերվա ժամերին քաղաքը իրեն է պատկանում։

 

Քանի դեռ բոլորը քնած են։

 

Քանի դեռ փողոցները դատարկ են։

 

Ու նա երգում էր ռոմանտիկ երգեր՝ քաղաքին ուղղված, մինչդեռ քաղաքը լուռ լսում էր իրեն՝ անմոռաց սիրահարվածի ձայնը։

 

Դժվար էր ասել՝ Ռենեն էր Փարիզում, թե Փարիզը՝ Ռենեի ներսում։

 

Բայց ես վստահ եմ, որ քաղաքը, այդ անթիվ գիշերներից մեկից հետո, նույնպես սիրահարվեց նրան։

 

Ռենեն ու Փարիզը։

 

Փարիզն ու Ռենեն։

 

Ինչպես անբաժան ամուսիններ։

 

Ու նա վստահ էր, որ երբ մի օր մեռնի, մի սովորական գիշերվա ընթացքում, ապա իր սիրելին կդառնա իր գերեզմանը՝ մինչև ժամանակների ավարտը։

 

Քաղաքը կերակրում էր իրեն։

 

Քաղաքը հոգ էր տանում իր մասին։

 

Ու Ռենեն երջանիկ էր։

 

Նա իրեն սիրված էր զգում քաղաքի կողմից, մինչդեռ երազում էր, որ այն խոսի իր հետ։

 

Բայց, ավա՜ղ, քաղաքը համր էր։

 

Ռենեն որոշում է նվագել, բայց երաժշտությունը չի լսվում քաղաքի կողմից, քանի որ այն խուլ էր։

 

Ռենեն նկարում է, բայց քաղաքը կույր է։

 

Ռենեն լաց է լինում, բայց քաղաքն անզգա է։

 

Մի օր, վերցնելով գրիչը, Ռենեն գրում է իր առաջին տողերը, որոնք արնահոսում են թղթի վրայով.

 

«Ատում եմ քեզ, իմ սեր»։

 

Նա գրում է իր առաջին գործը՝ անհաջողակ փախստականի մասին, ով գաղթում է օտար երկիր՝ երջանկության հետևից, սակայն առնչվում է իր հուզիչ ճակատագրի հետ։

 

Ռենեի հերոսները մեռնում են՝ մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով։

 

Մեկը՝ խոլերայից։

 

Մյուսը՝ վթարից։

 

Մյուսը՝ կարոտից։

 

Ռենեն մեռնում էր մենությունից՝ տանջալից, օրեցօր, ամեն գիշեր։

 

Փարիզը սպանում էր իր սիրեցյալին, որպեսզի տիրանա իր հոգուն, որը հաջողացրել էր առաջանալ Ռենեի մոտ՝ բազմաթիվ տառապանք նկարագրելուց, հազարավոր երգեր երգելուց ու կտավներ պատկերելուց հետո։

 

Սիրուց։

 

Կամ գուցե ատելությունից։

 

Ռենեն չէր տարբերում մեկը մյուսից։

 

Այլևս։

 

Եվ այսպիսով, քսան տարի անց, 7005-րդ գիշերվա ընթացքում, Ռենեն գրում էր պիես՝ իր մենությունից ազատվելու համար։

 

Նա ստեղծում էր կերպար, ում շուտով կսատկացնի՝ ինչպես միջատներին էր սովոր սատկացնել իր փոքրիկ, լքված, գորշ սենյակում, ուր ամեն իր մեկ հատ էր, բացի աթոռներից։

 

Մեկ աթոռին նստած էր նա՝ չստացված դրամատուրգը։

 

Մյուսին՝ իր չստացված, այդպես էլ չգրված, անանուն կերպարը։

 

Անանուն։

 

Կեղծանուն։

 

Ո՞վ ես դու, Ռենե։

 

Պարզապես հորինվածք։

 

Սուտ։

 

Կեղծիք։

 

Պարզապես կերպար։

 

Փարիզի միլիոնավոր սիրեկաններից մեկը։

 

Պիեսն անավարտ էր։

 

Ինչպես և Ռենեի հոգին, որը քսան տարի անց կիսվեց։

 

Պիեսն անավարտ էր՝ ինչպես իր կյանքը, ինչպես իր միտքը, իր զգացմունքը, իր «ես»-ը, ինչպես բոլոր իր կերպարները, ում նա մահվան էր դատապարտում ամեն անգամ։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Բավական է։

 

ԿԵՐՊԱՐ

Քմծիծաղով.

 

Ավարտի եմ հասցնում պիեսդ, իմ արարիչ։

 

Միթե՞ գոհ չես։

 

ՀԵՂԻՆԱԿ

Հուզված, հուսահատ.

 

Ես պետք է քեզ գրեմ, ոչ թե դու՝ ինձ։

 

ԿԵՐՊԱՐ

 

Մարդն է Աստծուն ստեղծե՞լ, թե՞ Աստված՝ մարդուն, իմ անհաջողակ դրամատուրգ։

 

Ո՞ր պնդումն է առավել հոգեհարազատ քեզ։

 

Գուցե դու չէ, այլ ես եմ քեզ հորինում։

 

Կամ երկուսս միաժամանակ հորինվում ենք միմյանց երևակայության մեջ։

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Կորչիր։

 

Թող ինձ իմ մենության հետ միասին։

 

Թող խելագարվեմ նրա պատճառով։

 

Մենակ թե լռիր։

 

Մենակ թե փակիր աչքերդ։

 

Մենակ թե խլացիր։

 

Մենակ թե անզգա դարձիր։

 

/Հեղինակը ծնկի է գալիս և բռնում գլուխը։ Կերպարը ծիծաղում է։ Այնուհետև վերցնում է Հեղինակի սևագրերը և նետում վառվող բուխարու մեջ։/

 

/Հեղինակը բղավում է։ Փորձում է խարույկից հանել վառվող էջերը։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Էջերը դատարկ էին, Ռենե։

 

Մի այրիր ձեռքերդ։

 

/Հեղինակը լուռ փակում է աչքերն ու կծկվում ցավից։/

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Փ տառով սկսվող, իմ անավարտ կեղծիք։

 

Դու կործանեցիր իմ կյանքը։

 

Պղծեցիր հոգիս։

Կալանավոր դարձրիր անկարող մարմինս ու փոշոտ փողոցներովդ քարշ տվեցիր քսան տարի շարունակ։

 

Ես քո բանտարկյալն եմ։

 

Դու՝ իմ կալանավայրը։

 

Ես քո աճյունն եմ։

 

Դու՝ շիրմս։

 

Դու՝ իմ սեր։

 

Ես՝ քո ատելություն։

 

/Լռություն։/

 

ՀԵՂԻՆԱԿ

 

Ատում եմ քեզ, իմ սեր։

 

/Կերպարը ամբողջովին հանում է սև կտորները մարմնից։ Ամբողջ մարմինը սևացած էր՝ կարծես այրված։/

 

ԿԵՐՊԱՐ

 

Ռենեի հերոսները մեռնում են՝ մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով։

 

Մեկը՝ խոլերայից։

 

Մյուսը՝ վթարից։

 

Մյուսը՝ կարոտից։

 

/Կերպարը շրջում է սենյակի երկայնքով։/

 

Ռենեն մեռնում էր մենությունից՝ տանջալից, օրեցօր, ամեն գիշեր։

 

Փարիզը սպանում էր իր սիրեցյալին, որպեսզի տիրանա իր հոգուն, որը հաջողացրել էր առաջանալ Ռենեի մոտ՝ բազմաթիվ տառապանք նկարագրելուց, հազարավոր երգեր երգելուց ու կտավներ պատկերելուց հետո։

 

/Կերպարը ժպտալով մոտենում է հանդիսատեսին, կռանում Հեղինակի կողքին և նայում դեպի կրակը։/

 

ԿԵՐՊԱՐ

 

7005-րդ գիշերը՝ Փարիզն այրվում էր Ռենեի ոգու կրակներում՝ իր հետ միասին։

 

/Ժպիտ։/

 

Սիրուց։

 

Կամ գուցե ատելությունից։

 

/Դադար։/

 

Ռենեն չէր տարբերում մեկը մյուսից։

 

Այլևս։

 

ԱՎԱՐՏ

 

 
 
 

Комментарии


bottom of page