Ashot Stepanyan

Խաղեր, որ խաղում էինք
Տեսավ ազատ աթոռը, նստեց․ տղամարդը ծխում էր, էկրանին՝ կարմիր տանկերի հավաքածու էր հավաքել ու առաջ էր շարժվում։ Կտկտացնում էր ծխախոտը, ասում՝ Վա՛յ ես սրանց մերը ու մկնիկով առաջ տալիս զորքին։ Մի քանի հարվածով փշրում էր հակառակորդի դիրքերը, կտկտացնում ձախ կողմին, ասես մեջն էր հիմա, ասես տանկի մեջ ինքն էր, ու գոռում էր՝ Կիտա՛յ, ես քու..., յադեռնի՞ ես դրել, արա՛, ես քու...։ Հետո թեքվեց ու հարցրեց․ Կուզե՞ս խաղաս, աչքերդ փայլի պես լցվել էր իր աչքերի մեջ։ Շրեկի Կատվի աչքերով նայում էիր սիգարետով տղամարդուն ու շան պես գլխով անում։ Էկրանից թափվում էր տաքությունը, ասես ձգտում էր, որ ձեռքդ վերցնես մկնիկը ու մի քանի հարվածով սպանես-սատկացնես։
Դուրս էր գալիս տղամարդը, լսեցիր՝ 11-ի վրա մի ժամ ավել միացրու, թող խաղա էրեխեն։ Մի ժամ․ մի ժամը քեզ համար մի շաբաթվա բուֆետի փողն էր, որ էդպես էլ չէիր կարողանում հավաքել ու ինտերնետ ակումբ գալ։ Հիմա ձեռքդ դողում է, էկրանին՝ Սերիոզ Սեմն է, Կոնտր Սթրայկը, Մեդալ օֆ Հոնըրը, ԳՏԱ-ն, Ֆիֆա 06-ը, Զուման․ չգիտես՝ որը ընտրես, աչքերդ պտույտ են տալիս էկրանի ուղղանկյունների վրա, վայրկյաններդ գնում են․ ընտրում ես Մեդալը, Ստալինգրադը անցնում ես սնայպերով՝ ֆաշիստներին սպանելով, Յուժնի Ֆրանսիան ջաղջախում ես ու դուրս գալիս խաղից։
Հետո Սերիոզ Սեմի մոնստրներին ես սատկացնում․ վազող մարդիկ՝ բոմբերը գլխին ընկած, հետևիցդ վազում են գոռալով, Կոլտով կրակում ես ճակատներին, տրաքում են։ Հետո՝ կարիճներն են, պոչին՝ մինիգանը, գռռալով դուրս են թռնում փամփուշտները ու քեզ սպանում։ Ջիթիեյն ես միացնում, նստում հեծո ու բոլորին տակը գցելով գնում։ Սպանում ես կանանց, տղամարդկանց, ոստիկաններին, աստղերդ կրկնապատկվում, եռապատկվում են։ Սաղին պետք է սպանես, որ հանգստանաս։ Հավաքում ես Panzer կոդը, օդից տանկը ընկնում է ուղիղ մեքենայի վրա։ Նստում ես մեջը ու բոլորին ճլորելով անցնում։ Գնում ես ստրիպտիզ ակումբ․ ամենաառաջին ակումբը քո կյանքի։ Երբեք մերկ կանանց չէիր տեսել, առաջին անգամ տեսար Vice City-ում, որտեղ աստղերդ էնքան շատ էին, որ ոչ ոք չէր ուզում պարել քեզ համար։ Թքած ունես, հանեցիր TMP-ն ու սկսեցիր գյուլլել բոլորին, երկար կրակահերթ էիր թողնում, արյունը լցվում էր գետնին։ Մանյակի պես արագ-արագ սեղմում էիր ձախ մկնիկը, ու պատրոնները լույսի արագությամբ մտնում էին գոյություն չունեցող մարդկանց մեջ։
Էկրանդ անջատվում է, հասկանում ես, որ ժամանակդ վերջացավ, էլ նման բախտ չի վիճակվի, էլ հետ չես գա, բուֆետի փողը չի հերիքի․ մի քանի անգամ կտտացնում ես մկնիկին, ստեղնաշարին, որի W ու E տառերը ներս ընկած են։ Մի կերպ քեզ հետ ես քցում, հանում ականջակալները, նայում շուրջդ՝ բոլորը կպած էկրաններին խաղում են, դու ես, որ մենակ ես մնացել։ Ամենամենակը մենակների մեջ։ Մերսի ես ասում գլխավոր միացնողին․ հեգնանքով ժպտում է, դուրս ես գալիս։
Տեսավ թշնամուն․ ցեխի ու կեղտի մեջ պառկած տեսավ թշնամուն, տեսավ ու շունչը պահեց։ Ճակատին էր պահել, սիրտը արագ էր աշխատում՝ ականանետի պայթյունների նման։ Տեսավ երկրորդին, երրորդին, չորրորդին։ Տեսավ, որ գալիս են ոլորաններով։ Տեսավ, որ մենակ է, ընկերը կողքը վերջին խռխռոցն է հանում։ Տեսավ արյունը, որ ներծծվում էր բաբախող հողի մեջ։ Տեսավ ձեռքերը՝ կեղտի մեջ կորած։ Տեսավ փամփուշտը՝ դուրս հորդող։ Տեսավ Ստալինգրադը՝ տրաքած։ Տեսավ Յուժնի Ֆրանսիայի իր սենյակը, որ դիվանի հետևում սնայպերով թաքնված սպասում էր հակառակորդին։ Տեսավ զենքը, որ հալվում էր ձեռքում։
Խաղը, որ այդպես էլ չանցավ։ Չհասցրեց ռումբերը տեղադրել հակաօդային պաշտպանության վրա։ Չհասցրեց անցնել աշխարհը։ Չհասցրեց խաղալ։ Ընկերը կողքը խռխռում էր․ մտածում էր՝ հեսա կվերակենդանանա, հետ կգա։ Կպաղկվի հետը ու կսպասի թշնամուն։ Տեսավ մեռնելը ընկերոջ։ Նայեց վերև ու տեսավ, որ մի քանի միավոր պակաս է, որ շատ միավորներով հետ են ընկել։
Տեսավ կրակոցը հեռվից՝ ուղիղ ճակատին։ Նայեց երկինք ու տեսավ, որ հիմա ինտերնետ ակումբում խաղում է, ականջակալները գլխին գոռում է՝ Տեռորիստները կրեցի՛ն։ Կրեցին տեռորիստները։ Տեսավ երկնքի խամրելը՝ համակարգչի անջատման պես։ Տեսավ։ Ամենը տեսավ։ Ամենը տեսավ։ Սեմի մոնսթրներին տեսավ, Լեֆթի զոմբիներին տեսավ, ընկերներին տեսավ, որ դեֆիբրիլյատորը մոռացել են վերցնել հենց խաղի սկզբից։ Տեսավ անիմեն, որտեղ հերոսը մահանում ու վերածնվում էր նոր աշխարհում, ֆավնան տեսավ, լաբիրինթոսը տեսավ։ Մոգերին, որ կողքը աղոթում են ու խնդրում փրկել իրենց աշխարհը, որ միակ հերոսն է, որ կարող է փրկել։ Տեսավ ամենը, ինչ սիրում էր, ինչին նայում էր, ինչի հետ ամեն օր դուրս էր գալիս ու վերադառնում։
Դուրս եկավ տնից, նայեց ոտքերի տակ գտնվող կանաչ ոտնագորգին՝ փոշոտ, Welcome գրածը կիսաջնջված․ փորձեց միանգամից, առանց պոկումի նետվել տասներկու աստիճանից ներքև․ թռավ, ձեռքերը քսմսելով ժանգոտած բազրիքին, ու աչքերը փակեց գահավիժելուց առաջ, կքանստեց, թեթև ժպտաց։ Ոտքերի մեջ ուղիղ կայծ անցավ, թվաց՝ ջարդվեցին, թվաց՝ էլ չի կանգնի։ Ու մտքերը, որ գալիս ու գնում էին՝ կհասնե՞մ, կհասնե՞մ, կհասնե՞մ… Գոռաց՝ Ուռա՜, շարունակեց լոնք-լոնք թռնել, շարունակեց ամենօրյա աստիճանների մրցույթ-մոլուցքը առաջ գցել, ասես դրա վերջում նրան պատվոգիր կամ մրցանակ են տալու։
Փամփուշտի պես ցատկեց շքամուտքից, նայեց շուրջը՝ ավտոտնակների գունային բազմազանությանը, բայց մարդ չտեսավ․ միայն գետնի խորքից դուրս եկող քրտինքն էր, որ պար էր բռնել երկաթից բանտախցերի մոտ։ Շուրջը դատարկ, մուտքերի մոտ՝ կիսածուռ նստարաններ, երրորդ հարկից կախված լվացք՝ գունային դասավորությամբ, որ տարբեր երկրների դրոշներն էր հիշեցնում նրան․ սկսեց քթի տակ մռմռալ՝ Մե՜ր հայրենիք, խալադիլնի՛կ…։ Էլի նայեց շուրջը, հիշեց երազը․ մութ հայաթում թաքնվել էր ստվերից, որ հետևում-հոսում էր, ասես անմարմին մեռել, որ…
Հիշեց դրանից առաջ թաղում էր գնացել, տեսել էր ոնց է համբուրում պապը եղբոր ճակատը, մի քիչ մոտ էր եկել ու բռնել կոշտուկոդ պապու ձեռքը ու նայել մեծ հոպարի վրա գոյացած քարտեզային ճանապարհ-կնճիռներին, որ թվում էր, թե այդ ճանապարհով անցնելու է մի օր․ հետո տեսել էր պապու ճակատը ու, հայելու մեջ, ամեն արթնանալուց նայել է իր ճակատի ոլորաններին․ մտածել է՝ մեռնելո՞ւ եմ ես էլ, ոնց պապիս ախպերը, ե՞ս էլ եմ մեռնելու, ոնց պապս՝ մի քանի տարի հետո։ Ստվերը հանգիստ չէր թողնում, մեկ-մեկ գալիս էր, երբ մեջքի վրա էր քնում, մեկ-մեկ էլ լքում էր, եթե երեկոյան Ուրբաթ 13 ֆիլմն էր միացնում ու բաբլ գամի նման կպած JVC էկրանին նայում։
Հիշում էր, ամեն ինչ հիշում էր․ անցած երեկո, երբ ադյալը քաշեց մինչև մազի ծերը ու ոտքերը բացվեցին, մտածեց՝ հեսա կբռնի, հեսա կտանի, էլ չի թողնի։ Ոտքերը մաժմժում էր իրար, զուգարան էր ուզում, բայց չէր համարձակվում գնալ ու, նայելով հայելուն, փորձում էր նշմարել ինչ-որ մեկին․ տեսնում էր, մարմինը հենց այդ պահին տաքանում էր, զգում էր՝ աչքերի դիմաց ստվերներ են թռնում-հետ գալիս․ արագ-արագ, առանց ձեռքերը լվանալ-մաքրելու, հայելուն չնայելու կամ աչքի տակով հայացք գցելու, լույսը միացրած թողնում էր ու փախնում սենյակ, մտնում անկողնու տակ ու սառում։ Չէր շնչում, շնչելուց էլ տնքմնքում էր, որ հանկարծ չլսեն, հանկարծ չլսեն, հանկարծ…
Ծի՜սիտ, Ծի՜սիտ, իսիջիսի հասայասաթում եմ, իսիջիսի, գըսնդասակս էլ կըսբեեսրես։
Ծի՜սիտ, հասայասաթում սըսպասասում եմ։
Չեմ գասալիսիս, հասավես չուսունեմ, շոսոգ ա, մեկ էլ իսիրիսիկունը, մեկ էլ վասաղը։
Ասախպոր պես, ջասան։
Ծի՜սիտ, ասախպո՜ր պես, իսիջիսի, էսթասանք կոսղի հասայասաթ, ֆուսուտբոլիսի թիսիմ կասա։
Ասարասա, չէ, գընասա, էսօսոր լիսիքը դասաս ունեմ, մասամասան ասասեց՝ իսիրիսիկունը միսինչև դասասերդ կըսպըսրծնես, կիսիջնես։
Չիջավ, ուսերը թոթվեց, մի քիչ էլ նայեց Ծտի լուսամուտին, Ծտի դեմքին՝ քթով կպած պատուհանին, մտքի մեջ մտածելով՝ Հեսա կիջնի, կիջնի, կիջնի, կիջնի, թեքվեց գնաց՝ ճանապարհին աջ ու ձախ անելով։ Գնաց՝ ճանապարհը իր առաջ բացել-բացահայտելով։
Որտե՞ղ տեսա նրան, աչքիս երևաց, բայց որտե՞ղ էր։ Որտե՞ղ ես, ախպերս, ո՞ւր ես հիմա, ի՞նչ ես անում, ո՞ում հետ ես հաց կիսում, հը՞։ Կա՞ս, թե չկաս, ախպերս։ Վինչով պահո՞ւմ ես մեր Ստալինգրադը։ Տեռորիստի կողմի՞ց ենք խաղում, թե հա։ Լեֆթ Ֆոր Դեդ։ Զոմբի ապոկալիփսի՞ս։ Կալաշ ես էլի վերցրել, մտնում ես թփուտների մեջ ու պախկվում։ Հիշո՞ւմ ես, ախպերս, դպրոցի դիմաց քեզ էի սպասում, որ պահակին մի պաչկա սիգարետ տաս, որ թողնի փախնես։ Ասում էի՝ զուգարանից թռի, մի պաչկա սիգարետի տեղը կոմպնոցում մի ժամից ավել կմիացնի Սևակը կամ ախպերը՝ Պարույրը։ Մեկ-մեկ ասում էիր՝ Սենց լավ ա, հետո պահակին փոխեցին, էլ չէիր կարողանում իմ պես հանգիստ թռնել զուգարանի պատուհանից։ Ախպերս, մեր քաղաքը փոխվել ա, էն հին քաղաքը չի, որ գիտեինք, հին թաղը չկա։ Հիմա հայաթ մարդ չի իջնում․ էն օրը թաղումից հետո խմած էի, գնացի հին թաղերը… թաղում-թաղեր, ինչ հետաքրքիր բառախաղ։ Նայեցի մեր պատուհանին, հետո ձեր, հետո մնացած ընկերների, որ չկան։ Եզդի ընկեր ունեի՝ Թամազը, հիշում ես, տարիքով մեծ էր, բայց կարգին տղա էր, սաղ օրը մեր տանը Սոնի էինք խաղում։ Կարոտել եմ էդ խաղերը, որ խաղում էինք իրար հետ։ Հիմա տենց չի, հիմա ժամանակ չկա, ախպերս։ Չգիտեմ, կարոտել եմ բոլորիդ, դրա համար ամեն շաբաթ գալիս եմ ու նայում ձեր լուսամուտներին։ Հետո քայլում եմ քայլածս փողոցներով։ Վախում եմ, որ կմոռանամ։ Վախում եմ։ Վախում եմ, որ մի օր էջդ կբլոկեն։ Վախում եմ, որ նամակներս էլ կկորեն։ Վախում եմ, որ էրեխեքս չեն խոսի թաքուն մեր հորինած լեզվով:
Հիշեց պապու ախպոր՝ ճակատի վրայի գորգը, հիշեց, որ մի անգամ էլ ընկերոջ պապիի թաղմանն էր, հիշեց ու քթի տակ խնդաց։ Չխնդալ չէր կարող, որովհետև իր կարծիքով տարօրինակ պատմության մեջ էր հայտնվել․ նայում էր գետնին ու ծիծաղում, ասես գլխի մեջ կառուցում էր պատկերները։ Հիշեց ծաղիկը, որ գնել էին ծաղկավաճառ կնոջից։ Նայել էր ծաղկավաճառ կնոջ ճակատին։ Հիշեց, որ հարցրել էր՝ թաղման ծաղիկ ա պետք, տատին էլ պատասխանել էր, որ ամեն ինչ էլ թաղման ծաղիկ է, բալես, որն էլ տանես, մեռելի համար հաճելի կլինի։
Մի քանի ընկերով հավաքել էին փողը, որը պետք է ծախսեին ինտերնետ ակումբ գնալու վրա, բայց դե ընկերոջ պապին էր մահացել, ո՞նց չգնան, հաջողություն մաղթեն։ Տենց էլ որոշել էին՝ Ծիտը, Ռոքը, Մհուշը, Ազատը՝ մազերը ձգված դեպի երկինք, բոյը ամենաբարձրը, ու երբ խնդում էր, ամբողջ դպրոցի գետինը դղրդում էր, հասկանում էիր, որ Ազատը մի տեղ փորը բռնած հռհռում է, ու ափսոս, որ հիմա մոտը չես։ Մոտը չես, բայց մոտ ես։ Հեռուստացույցի դիմաց նստած, խաղային վահանակը ձեռքդ, մեկ՝ աջ ես գնում, մեկ էլ, երբ կռուտոյ պավառոտ է, ոնց ասում է հայրդ, ձախ։ Պիքսելների մեջ Դղյակն ես տեսնում, որ պետք է հասնես, բայց ինչքան միավորները շատանում են, Դղյակը ավելի հեռու է գնում, ասես երբեք էլ չես հասնի, ինչքան էլ որ լավ-արագ վարես մեքենան։
Կարմիր գույնը
Հիշում եմ գույնը կարմիր էր ոնց որ ձեռքը դողում էր չթողեց գրկեմ վազում էի հետևից շատ սիրուն գույն ասեց կկծի վազեցի հետևից խնդում եմ գրկում եմ քեզ բարի մարդ ես հա աշխատանք չունեմ ուսուցչի ասածը չեմ հիշում ժպտում եմ ապրես ինձ խաբել են երևի մամ մանրը չեն տվել ձեռքումս արագ եկա մանրը չեն տվել ինձ ասեցին չեմ հիշում ինչ ասեցին նայում էր ուշադիր բարի մարդ չէ չեն խնդում մենք իրար հետ ենք խնդում բարի մարդ արի գրկեմ ես պինդ եմ գրկում մամ ժպտում եմ չեմ հասկանում ոնց էստեղ հայտնվեցի բարի մարդ կօգնեմ գործ գտնեմ արցունքները հոսում էին չտեսա մամայիս ուր գնաց արևին չի ստացվում նայել աչքերս կկոծում եմ սիրում եմ քեզ դու լավ մարդ ես ձեռքումս բզեզ էր բացեցի կորավ վազում էի հետևից չկարացա տեսնեմ հաց առնեմ գամ հարուր երկու հարուր երեք հարուր դրամ փափուկ հաց առնեմ մաման ասեց փափուկ հաց տվեք համով հաց ա խռթխռթում ա համով հաց ա հաց սարքողները բարի մարդիկ են գրկում եմ ձեռքումս մողեսը պոչը թողեց ու փախավ հետևից վազեցի մտավ բույսերի մեջ ու կորավ վազեցի ու կորավ հետո ճանապարհին ես կորա հիշեցի խաղահրապարակը կատվիկին սև հիշեցի հարևանին ու գտա մեր տան մուտքը ու մտա մութ մութ էր չէի հիշում որ տան մուտքը մութ ա լինում բարձրացա երրորդ հարկ տղամարդը կանգնած դուռը թակում էր բարի մարդ չէր հետո արագ արագ իջա ու դուրս եկա աչքերիս դիմաց անցնում գնում են մարդիկ կորել եմ մամ ուր եք մարդ կար պառկած հիշում եմ գրկեց ինձ ասեց համով ես չգիտեմ ուր կորավ վազում էի ասեց կփրկեմ բայց ձենը դուրս չէր գալիս բերանից մտածում էր կհասնի ես շատ արագ եմ վազում բոլորից արագ տարան բժշկի չգիտեմ լավ մարդ ես բայց չես գրկում ինձ հեռու ես կարող ենք գնալ գույնը կարմիր կարմիր է մաման ասեց կգան կօգնեն բայց մարդ չեկավ ոնց որ ինադու լինեն ձեռքիս որ կպնում ես վախում եմ հնարավոր ա հիվանդ են Բենջին գնացել ա ասեց կգա գնաց ու կարտոշկա շատ եմ սիրում մաման նենց համով ա սարքում կարմիր կետչուպ եմ լցնում վրեն համով հոտը ընկնում ա սենյակս բացում եմ գիրքը ու թիթեռները դուրս են թռնում միջից հետո մոնստրները հետո մարդիկ են գալիս ես վախնեում եմ առաջ գնալ չկարողացա գիտեի որ մենակ եմ մնալու ասեցին ձեռքիս հենց կպնում են գոռում եմ չեմ սիրում որ ինձ կպնում են ընկերներս չեն խաղում հետս խոսք տվեցին որ իրար հետ կգնանք կառուսելներում կպտտվենք գլուխս ֆռռաց ու թռա մենակ պտտվում էի երկաթին գլուխս հարվածեց հիմա լավ եմ գնացի բժիշկի ասեց կանֆետ կտամ լիքը գունավոր ու կարմիր կանֆետներ տվեց շատ համով էին կերա սաղ մինչև արթնացա տեսա որ ընկերներս կողքս հավաքվել են մաման չգիտի ասեցի որ անծանոթ տղամարդ էր արագ արագ ֆռռացնում ինձ կանֆետներ էր տալիս ու ֆռռացնում էր գոռում էի մաման կջղայնանա չէր լսում հետո տեսա Բենջիին հեռվից ինձ ասում էր լավ ա լինելու ու աչքով էր անում չէ լավ աչքով չէր հետո մաման իմացավ շատ ջղայնացավ մաման չի սիրում չար մարդկանց հետո տարան էլի բժիշկի բայց կանֆետ չտվեցին չէին ուզում որ շատ քաղցր ուտեմ գիրքը նկարներով պետք ա բացես որ տեքստը նկար դառնա սիրում եմ նկարներով գրքեր կարդում եմ ու իրենք թռնում են գալիս են կողքս են չեմ նկատում ոնց ա քունս տանում ու քնում եմ չեմ ուզում արթնանալ արթուն ժամանակ լավ մարդիկ չեն ընկերներս խաբեցին չեկան հետս հետո էդ մարդուն եմ տեսնում գալիս ու պտտացնում ա ինձ գոռում եմ չեմ ուզում էլ հետո ասում ա կգաս մեր տուն լիքը կոնֆետներ կտամ շոկոլադներ ես շոկոլադ շատ եմ սիրում մաման միշտ մաքրում է բերանիս կողքերից մաման ասում էր որ շատ չուտեմ շոկոլադ գնացի ու գիրքը տեսա մեջը լիքը չար մարդիկ էին ինձ ասեց ներքևում ա կանֆետները ուրախացած մտա մութ էր ու կարմիր կարմիր էր ու մութ մաման շատ կջղայնանա չի սիրում կանֆետ եմ ուտում հետո լիքը կանֆետ կերա բայց մարդը դուռը փակեց բայց լիքը լիքը կանֆետ կար շատ համով կգան հաստատ հետո կգան ասել ա որ մաման լավ ա սպասում ա ինձ բայց լիքը կանֆետ ա տալիս սպասում եմ մաման գա ասում ա գնացել ա գործի մաման դուրս էր եկել ազատին ասել էի որ տեղ եմ գնալու երևի գյուղ կգնանք ասեց ես էլ կգամ հետներդ սպասում եմ որ գա միասին գնանք բան չի ասում ասում ա վերևում վատ մարդիկ են չեմ սիրում որ ձեռք են տալիս ինձ Ազատը ասել էր որ միասին կգնանք կամպյուտր խաղալու սիրում եմ նայել ոնց են խաղում մեկը կռվում ա մյուսի հետ ազատը ասում ա չար մարդկանց ենք սպանում մութ մութ ա հիշում եմ գիրքը ու ժարիտի հոտը ասում ա վերևում չար մարդիկ են բայց կարոտել եմ մամայիս մաման չար չի ու ազատը կգա մի օր իմ մոտ իրար հետ կխաղանք էն խաղը անունը չեմ հիշում էն որ պաղկվում են հա մութ ա ստեղ…
Հոգեհանգիստ, գալիք սերունդ,
քո շիրիմին
Ազատը դպրոցի դիմաց սպասում է, ուշադիր նայում է Ռոքին ու հարցնում․ Շշշքա՞մ ունես։ Ձեռը մտցնում է գրպանը, արևածաղկի ու թելերի խառնուրդով հանում տաս-քսանոցները ու ասում․ Րըրըկաաարուրեեեռեսուն, խնդում է․ Նոոոր լե-եեզու եես էլի՞ հոոո-րինել, ասում է․ Սարդերենն ու կակազերենը հերիք չի՞ մը-մըր շփման համար։
Ազատին հատուկ առիթ պետք չի խըխըխընդալու համար։ Խըխըխընդում է քայլելուց, դաաասի ժամանակ, դըդըդըեմքիդ նայելուց, խնդում է ավտոբուս նստելուց, պըպըպըպըապու հետ քայլելուց, հոր հետ խոսելուց։ Տեսավ Ազատին, Զուբը պարապունքի էր, չնայած պապը մեռել էր, բայց պարապունքը ավելի կարևոր է, քան պապու հոգեհանգիստը։ Իրավաբանական պետք է ընդունվեր։ Սաղ օրը գիրք էր կրծում։ Տան տեղը չգիտեիք, Ռոքը ասում էր, որ երկրորդ մասիվում է, Ծիտը ասում էր՝ Ես գիտեմ, կտանեմ, մի՛ խառնվեք։ Ինտերնետի փողերով մի քանի ծաղիկ առաք։ Ոնց որ վարդեր էին․ Ծտին չվստահեցիք, զանգեցիք ընկեր Հովհաննիսյանին, հարցրեցիք՝ որտե՞ղ ա․ ասաց, որ դպրոցի մոտով ուղիղ բարձրանում եք, ըտեղ ա, առաջին հարկում ա, աջ դուռ։ Սկսեցիք քայլել՝ ծաղիկները ուժեղ բռնելով, որ հանկարծ մասիվի քամին չտանի։
Ազատը բերանը բաց էր քայլում, հարցնում էր․ Ո-ո-ո՞վ էր... պապը։ Ծիտը ասում էր, որ գեներալ մարդ էր, Ղարաբաղյանի հերոս, Օմարն ա ազատագրել։ Ռոքն ասում էր՝ Օմարը կալմար չի՞, Ազատը խնդում էր՝ Կալմարը ի՞նչ ա, արա, Ծիտը ասում էր՝ Խույ եվօ, ուտելու բան կլինի էլի, Ռոքը պատասխանում էր՝ Փակ աչքերովներն են ուտում, Ծիտը ասում էր՝ Էն մեր դասարանի Ռաֆիկի պես էլի, Ազատը ասում էր՝ Ռաա-աֆիկ նի-նիի վ չօմ նե-նե վինավատ, Ռոքը խնդում էր, Ազատը մազերը երեսից մի կողմ էր քաշում, որ ճանապարհը տեսնի, Ռոքը ասում էր՝ Մհուշը էլի դպրոցի դիմացից տեղ չի գնում, Ծիտը ասում էր՝ Գոնե գա հետներս մեդալ տժժցնի, մի տեղ սնայպեր պաղկվի, թե չէ ոչ էդ աղջկան ա մոտենում, ոչ էլ կուրսվում ա, Ռոքը ասում էր՝ Զուտ լռվում ա, առավոտը մի անգամ տենում ա մտնելուց, մի անգամ բուլկի առնելուց, մի անգամ դուռը բացել-փակելուց, մի անգամ էլ զանգը տալուց։ Մի անգամ հագան իրար գլխով դասամիջոցին, վազում էին, էրկուսն էլ դեբիլ են, մեկը չգիտի մյուսի գոյության մասին։ Մհուշը ասում ա՝ Արա, կարտոշկա ա էղել, Ազատը խնդում ա, Ծիտը ասում ա՝ Էրեկ վեց անգամ արել եմ, Ազատը փորը բռնում ա ու ընգնում գետնի վրա։ Դպրոցը դղրդում ա, ընկեր Միրզոյանը գոռում ա՝ Ազա՛տ, ձենդ կտրի՛, այ տղա, գնա՛ դասի։ Հա, անիմաստ ա Մհուշի արածը, գոնե մոտենար էդ աղջկան․ նենց էլ չի էդ աղջիկը սիրուն ա, Ծիտը ասում ա՝ Նենց էլ չի Մհուշն ա կռասավեց, Ազատը խռխռում ա, նայում Ռոքին, Ռոքը ժպտում ա։ Գտել են էլի իրար՝ Մհուշն ու անծանոթ աղջիկը։
Գալու ա պանիխիդային։ Հա, ասել ա՝ դպրոցի մոտ կսպասեմ, ասում ա Ռոքը, Ազատը յուղոտ մազերն ա դզում պապու տված թեփոտ մազակալով՝ աջ ճակատից ձախ տանում։ Նայում Ռոքին ու բերանը բաց քայլում։ Ազո՛ւշ, ասում ա Ռոքը, Կոնս ես գնալու, չէ՞, Հա, բ-բ-բա է-էլ ո՞ւր, պատասխանում է Ազատը։ Քո պես ցնդածները ընդե շատ կլինեն, Ծիտն է ասում, Ազատը խնդում է․ Իմ պես ցնդած մ-մ-մենակ ե-ե-ե-ս եմ։ Էսօր Մեդալ խաղո՞ւմ ենք, հարցնում է, Փող չկա, պատասխանում է Ռոքը՝ ծաղիկները ձեռքում սեղմելով։ Ըհը, Մհուշն էլ էկավ։ Արա, այ Առնոլդներ, ինչքա՞ն պտի սպասեմ։ Մհուշի սիրած բառն էր՝ Արա, էսի լրիվ Առնոլդ ա, հայհոյանքի փոխարեն էր օգտագործում կամ անբացատրելի մարդուն բացատրություն տալու։
Ռոքի ախպոր անունը Առնոլդ էին դրել, տնեցիք էդ ժամանակ բացի Շվարցի կինոներից ուրիշ բան չէին նայում․ տղա ունեցան, անունը՝ Առնոլդ։ Մհուշը մի օր, երբ անունը չգիտեր, միամիտ Առնոլդի մոտ ասաց տաքսիստների խմբին՝ Արա, սրանք լրիվ Առնոլդ են։ Առնոլդը նայեց ուշադիր, Ռոքը ասաց, որ չգիտի՝ ինչ ա ասում, բռնեց վզից Մհերի․ Մհերը ասաց․ Դու հո Առնոլդ չես, թո՛ղ, արա, Առնոլդը հրեց, Ռոքը ասաց․ Մի՛ արա, ապ, ընգերս ա։ Թող տոչնի իրան պահի։ Մհուշը ոտքի կանգնեց ու հարցրեց՝ Անունդ Առնոլդ ա՞, գլխով արեց․ Արա, լավ է, լավ դե․ քո մոտ չեմ ասի։ Բարիշեցին։ Լավ պրծավ Մհուշը՝ չուպաչուփսի պես անպաշտպան մարմնով կամ ատամփորիչի․ զուտ գլուխն էր մեծ։ Գլուխն ու երկար ձեռքերը։ Ձեռքերն ու քիթը՝ Խաչատրյանական։ Ազատը․ Կ-կ-կհասնե՞նք էսօր, Ռոքը․ Հա-հա-հասել ենք։ Ազատը․ Լ-լ-լավ չե-ե-ես անո-ո-ում ձվերս։ Ձվե՞րդ, Ա-ա-ազուշ։ Խռխռում եք։ Խնդում եք ու դիքը բարձրանում։ Ազատը ասում է․ Մ-մ-մեծ դիք ա։ Մհուշը․ Իմի պես էրեկ։ Ռոքը․ Մայ դիք իզ մաչ բիգեր դեն յօրս։ Մի՛ լրճկվեք, լավ, թաղում ենք գնում։ Թաղումը վաղն ա, արա։ Բա էսօ՞ր։ Էսօր պանիխիդեն․ հոգեհանգիստը։ Էս ինչ մեռելաճաշի մեջ ենք։ Հեյ հեյ, մայ մայ, փսփսում է Ռոքը։ Ռաքնռոլլ վիլ նեվր դայ։ Ազատը գոռում է․ Տ-տ-տղե՜րք, դա-ա-ագաղ կա։ Ազատ, էդ չոլկիցդ ոնց ես բան տենում, ասում է Ծիտը։ Ռոքն էլ է նայում․ Մհուշն էլ։ Նայելով քայլում են դեպի մուտքը։ Ազատը փսփսում է․ Հե-ե-եսա, պ-ը-ըտի որ աջ դուռը ը-ը-ըլնի։ Մհերը․ Ձախը կստուգենք, հետո՝ աջը։ Խի՞ ձախը, ասում է Ռոքը։ Դե որ տենանք՝ ճի՞շտ ենք էկել։ Կողքբոլորը մարդ չկար։ Արա, բայց ուր են մարդիկ։ Ասում էին՝ գեներալ ա, գեներալ ա։ Գնդապետ էր ոնց որ, Կալմարի սարերն ա ազատագրել։ Օմարի, արա, Օ-օ-օ-մա-ա-ար, խնդալով ասում է Ծիտը։ Սաղ տանն են երևի, ավելացնում է Ռոքը։
Ազատին առաջ գցեցիք, թեթևակի կտկտացրեց դուռը․ մեկը չստերով քստքստալեն էկավ, բացեց, նայեց ձեզ։ Բարևեցիք, բարևն առավ։ Ազատը հարցրեց․ Թ-թ-թ-թաղումը ը-ը-ըստե՞ղ ա, նայեցիք իրար։ Ծիտը ավելացրեց․ Պանիխիդան, Ազատը չի տարբերում։ Դիմացի դուռն ա, ասաց տղամարդը ու դրմփացրեց։ Խորը շնչեցիք։ Հասել ենք, Ռոքին առաջ գցեցիք՝ ծաղիկները ձեռքին։ Կանգնեցիք իրար հետևից։ Ծիտը հիշեցրեց, որ մտնելուց ում տեսնեք, կասեք՝ ցավակցում եմ։ Ազատ, դու վերջում կասես, որ մի կես ժամ չսպասենք։
Տկտկացրիք, Ռոքը ծաղիկները դեմքին պահած հոտ էր քաշում ու փսփսում․ Ֆաք դը սիսթեմ, ֆաք դը սիսթեմ։ Դուռը կամաց բացեցին, փոքր երեխա էր նայում փայլուն աչուկներով։ Բարևեցիք, գոռաց․ Պապի՛, պապի՛, մարդիկ են էկել։ Կին եկավ, բարևեց։ Գլխով արեցիք, ծաղիկները տեսնելով՝ տուն հրավիրեց։ Առաջինը Ազատը ցավակցեց․ Ց-ց-ց-ց-ցա-ա-ա-ավա-ա-ա-ակցում ե-ե-եմ։ Մինչև խոսքը վերջացավ, հասել էիք հյուրասենյակ, տեղավորվել իշաոտնուկներին։ Գլուխներդ կախ նստել էիք ու նայում էիք գետնին։ Ազատը անհանգիստ այս ու այն կողմ էր անում, Ռոքի ականջին էր փսփսում, Ռոքը չէր լսում, գլխով էր անում։ Նայում էր կեդերի վրայի ոսկորիկներին, որ լեզուները դուրս էին հանում Քիս խմբի նման ու երգում․ Հու վոնթս բի լօօօնլի, վու վոնթս թու բի լօնլիի։
Պապի էր նստած, կինը ծաղիկները խնդրեց տանել վաննայի մեջ։ Ծաղիկ չկար տանը։ Գեներալ մարդ ու մարդ չկա՞, մտածում էր Ազատը։ Լսվում էր հոգոցներ, ոչ ոք չէր խոսում։ Դագաղի կողքը հավաքվել ու նայում էիք ձեր կեդ-բոթասներին։ Ազատը բզում էր Ռոքին՝ աջից, հետո Ծտին՝ ձախից։ Ռ-ռ-ռո-ո-ոք, Ռ-ռ-ռ-ռո-ո-ոք, ասում էր, լ-ը-ը-ս-սի, Զուբի պ-պ-պ-պապը չէ՞ր մեռել։ Ծիտը փսփսալով ասում էր․ Հա, խի՞ ես հարցնում։ Ազատը կակազելով պատասխանում էր․ Բ-բ-բա-ա խ-խ-խ-խի՞ ա ն-ը-ըկարի մե-ե-եջ տ-տ-տա-ատ։
Ազատ, ի՞նչ ես խոսում, ասում է Ռոքը։ Ծիտը գլուխը բարձրացնում է, Ռոքը գլուխը բարձրացնում է, Մհուշը վախից չի նայում, որովհետև մեռած մարդ չէր տեսել կյանքում։ Նայում եք նկարին, հետո՝ իրար։ Ազատը, ոնց որ երկրաշարժը, դանդաղ սկսում էր դղրդալ․ ու հարցնում․ Պ-պ-պա-ա-ապի հե-ե-ետ տ-տ-տա-ատն էլ ա մ-մ-մ-մեռել։ Ասելուն պես Մհուշը արագ դուրս է գալիս սենյակից։ Նայում եք նկարին ու սկսում փռթկալ։ Ազատը դղրդում է, սկսում է խնդալ։ Ռոքը մտքի մեջ երգում է․ Զո-ո-օմբի, զո-օմբի, զո-օմբի, ի, ի, իիհ։ Ծիտն էլ պատրոնի նման դուրս է թռնում։
Պապին նստած հարցնում է ջահել կնոջը․ Էս ովքե՞ր են։ Կինը պատասխանում է․ Երևի ընկերները։ Էդ պահին Ազատը գոռում է․ Ո՞ւմ ընկերները, տատո՞ւ, ու դուրս է փախչում։ Ռոքը ներողություն է խնդրում կնոջից ու պապիկից։ Եվս մի անգամ ցավակցում, նայում դագաղի մեջ քնած կնոջը ու կատվի նման դուրս շպրտվում։ Խնդում եք։ Հռհռում։
Տանից էլ շատ չէիք անցել, բայց ընկել եք գետնին ու մեռել։ Ծիտը մտածում է, որ ձյուն լիներ, նենց հավեսով թավալ կգայի․ ու խռխռում։ Մհուշը երկաթից բռնված հետ է տալիս ու ծիծաղում։ Ծիծաղում եք, մինչև կոկորդներիդ պատռվելը։ Ռոքը հիշում է ծաղիկը, որ տվեց, որ վերջին գումարներով էդ կնոջ համար ծաղիկ առան․ որ հոգեհանգստին մարդ չկար տանը, բացի երեխաներից, մորից ու, երևի, մահացած տատիկի ամուսնուց, որ ոտքերի մոտից ուշադիր նայում էր քնած կնոջը։ Ազատը խնդում էր, գետնին թավալ գալով խնդում էր․ Կ-կ-կ-կի-ի-ին էր, արա, կնի-ի-ի-իկ էր Զ-զ-զուբի պապը։ Խաբել ա-ա-ասել էր՝ գեներալ ա։ Կին էր։ Կի-ի-ին։ Ապ, բ-բ-բայց պե-ե-ետք ա է-էն էրեխուն գտ-տ-տնենք, լրջացած ասում է Ազատը։ Կգտնենք, պատասխանում է Ծիտը՝ մի քիչ խելքի եկած։ Բա որտե՞ղ ա կորել, Ազ, հարցնում է Ռոքը։ Լսի, ա-ա-ասում են՝ է-է-էն կա-ա-աչելիների մասում ա եղե-ե-ել։ Կգտնենք, Ազ, մի՛ մտածի, ժպտալով ասում ա Ռոքը։ Կգտնենք ու հետներս կտանենք թիմով Մեդալ խաղալու։ Ազատը ժպտում է, նայում է Ռոքին, Ծտին, գույնը գցած Մհուշին ու ասում․ Բ-բ-բան էղ-ղ-ղած չլինի-ի-ի։ Ծիտը վստահեցնում է, որ ամեն ինչ լավ է․ Վաղը նկարները կտպենք սաղ մասիվով մեկ, մի՛ մտածի։ Հիմա էկեք հասկանանք՝ ինչ ենք անելու ծաղիկների հետ․ ոչ փող ունենք, ոչ էլ կարանք մեկից ճարենք։ Ռոքը ասում է․ Քելեք այգուց հավաքենք։ Մհերը․ Արա, դուք լրիվ Առնոլդ եք, ո՞ւմ այգուց։ Մասիվի այգիներից էլի․ գնանք տենանք որտեղ ծաղիկ կա, պոկենք թռնենք։
Հոգնակուռ, դաշտամուկի պես վազում-թաքնվում ես, որ չտեսնեն քեզ, չտեսնեն, որ մենակ ես։ Վազի՛ր, վազի՛ր ինձնից հեռու, կարևորը` ես չտեսնեմ․ ես որ տեսա, բաց չեմ թողնի։
Նայում ես պատուհանից, գնդակը ինքնըստինքյան այս ու այն կողմ է գնում։ Ո՞վ է խաղում գնդակով, Թամա՞զը․ Թամազը ո՞ւր է։ Թամազի բոթասները պարանից կախվել են։ Թամազը ո՞ւր է։ Թամազի կոշիկները դուրս են եկել դագաղից․ քայլում են։ Բակում շոգ է, նայում ես, շոգը գալիս ու կոկորդիցդ բռնում է։ Գնդակը պտտվում է, պտտվում է ավտոտնակների վրայով, բարձրանում օդ ու կորում։ Ո՞ւր է Թամազը։ Գլուխը գնդակի վերածված է, հարևան Գոթվալտը դանակը վերցնում է ու ընկնում հետևից։ Վազում է՝ շունչը փչելով։ Գոթվալտը սիրտը բռնում է ու ձեռքերը հենում ավտոտնակին։ Գոթվալտը վազում է՝ սիրտը ափի մեջ լլկած…
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԳԱՌԱԺՆԵՐԻ ՁԵՆԵՐԻՑ։ ԷՐԵԽԵՔԻ ՁԵՆԵՐԻՑ։ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՆԵՐԻՑ։ ԿՆՈՋՍ ՁԵՆԵՐԻՑ՝ ԱՆԴՐՇԻՐԻՄԻՑ։ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԽԱՂԵՐԻՑ։ ԱՐԱԳ ԱՆՑՆՈՂ ԱՇԽԱՐՀԻՑ։ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԹԱՂՈՒՄՆԵՐԻՑ։ ՀՈԳՆԵԼ ԵՄ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ։ ԱՍՏՎԱ՛Ծ ՋԱՆ, ՏԱ՛Ր ՀՈԳԻՍ, ՏԱ՛Ր ՀՈԳԻՍ, ԱԶԱՏԻ՛ ԻՆՁ ԻՆՁՆԻՑ, ՀՈԳԻ՛Ս։ ՀՈԳՆԵԼ ԵՄ ՁԵՆԵՐԻՑ։ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՑ։ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԽԱՂԵՐԻՑ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԵՏ։ ՀՈԳՆԵԼ ԵՄ, ՀՈԳՆԵԼ։
Գոթվալտը ժպտում է, գնդակը ձեռքում պտտում, ասես փնտրի իր գտնվելու վայրը երկրագնդի վրա։ Չի գտնում։ Թամազի գլխում ծակ կա։ Չկա ինքը ոչ մի տեղ։ Թամազի գլուխը, գնդակը, Թամազը… Ո՞ւր է հիմա, որտե՞ղ է։ Թամազը վազում է անտառով՝ առանց գլուխ։ Գոթվալտը դանակը խոթում է գնդակի մեջ, տրաքցնում։ Արյունը հորդում է, լցվում ավտոտնակների մեջ։ Տնակներից դուրս են գալիս կարմիր մարդիկ։ Կարմիր մարդիկ ողողում-լցվում են ներսդ։
Թամազի բոթասները կախված են երրորդ հարկի պարանից։ Թամազը չկա։ Թամազը չկա։ Էլի հոգնակուռ։ Հոգին՝ լուռ։ Հոգին՝ կույր։ Կամ ուշակորույս գնդակի նման տպված ես գետնին՝ թսկած։
Գոթվալտը նայում է գետնին, նայում է գնդակին, նայում է գառաժներին, նայում է երրորդ հարկի լուսամուտին, նայում է քեզ, նայում է դանակին, նայում է դանակից արտացոլվող աչքերին, նայում է գնդակին, նայում է արտացոլանքին, նայում է թասկած գնդակին, նայում է երրորդ հարկի լուսամուտին, նայում է քեզ։ Քե՞զ է տեսնում։
Գալիս է ձեր մուտքի մոտ, բարձրանում է․ առաջին հարկը անցավ, բարձրանում է․ երկրորդ հարկի կապկանման բոսին հաղթեց ու դրակոնին հաղթեց։ Հասել է երրորդ հարկ։ Ե-ե-ե-երրորդ հարկում է, կա-կա-կա-կազում ես։ Հասել է։ Դռան մոտ կանգնած է։ Գոթվալտը փակել է դռնանցքը, որ չերևա։ Նայում է։ Դու էլ ես փակել, որ չերևաս։
Մենակ ես․ տուկ-տուկ, կտ-կտ-կտ, տուկ-տուկ… Ոտքով է սկսում հարվածել։ Բալետի պարուհու կամ ծովախեցգետնի նման ոտնաթաթերիդ վրա գնում ես սենյակ, բարուրվում-կծկվում անկողնումդ, կծկվում, կծկվում, կծկվում։ Դեռ հարվածում է։ Դեռ կանգնած է։ Դեռ…
Տեսավ նրան․ ճոճանակի վրա պտտվում է մենակ, ինքն իրեն օգնում է, որ պտտվի, որ պտտվի։ Տղամարդը մոտենում է ու հարցնում․ Կուզե՞ս ճոճորեմ։ Գլխով է անում։ Ամուր-կնճռոտված ձեռքերը խոթում է կիսաժանգոտած ճոճարանի բռնակի մեջ ու ինչքան ուժ ունի՝ պտտում։ Նայում է երեխային։ Ճոճանակին։ Նրա՝ ժպիտից ցայտող թիթեռներ-կայծերին։ Թիթեռները բարձրանում են օդ ու պարուրում երկինքը։ Բարձրանում են օդ ու լցվում խաղահրապարակի վրա, որտեղ երեխան պտտվում է անսահման արագությամբ։ Անսահման արագությամբ պտտվում է։ Պտտվում։




Comments