Ռուզաննա Դանիելյան

Կակաչավարդը
Մայիսյան մի արևոտ օր մեծ դաշտում, լուսաբացի շողերի ներքո, ծաղկում են առաջին ծաղիկները։ Բոլոր գույների հազարավոր կակաչներ, իսկ դրանց մեջտեղում՝ մի սպիտակ, որը կարծես առանձնանում է։ Բայց դրա պատճառը նրա հազվադեպ գույնը չէ։ Մի ուրիշ բան էլ կա, որ նրան առանձնացնում է։
- Նա ոնց որ կակաչ լինի, բայց կակաչի հոտ չունի, - միասին երգում էին կակաչները։
Եվ դա այդպես է, քանի որ սպիտակ կակաչը սովորական չէ։ Նրա մեջ կիսով չափ վարդ է թաքնված՝ մի բան, որն անգամ ինքը չգիտի։ Ու ահա կակաչավարդը ամաչում է իր չափից ավելի սուր հոտից, որը չի համապատասխանում մյուսներին, որոնց հոտը հազիվ է զգացվում։
Մի քանի օր անց կակաչավարդի վիճակն ավելի է վատանում, քանի որ սկսում է փոխվել նրա գլխիկի ձևը։ Մինչ մյուս կակաչները համատարած զանգակաձև են, նրա բողբոջը շարունակում է բացվել և բացահայտում է բազմաթիվ նոր թերթիկներ, որոնք մինչ այդ թաքնված էին նրա ներսում։ Սակայն նա այդքան թերթիկներ ընդհանրապես չպիտի ունենար։
Գիշերը, երբ բոլորը քնած են, ամոթից դրդված նա լալով պոկում է իր թերթիկները՝ մեկը մյուսի հետևից, մինչև որ մնում է ընդամենը վեցը՝ ճիշտ այնքան, որքան մյուս կակաչների մոտ։ Խոտերի մեջ ընկած իր չորացած թերթիկներին նայելիս նա գրեթե նույն ցավն է զգում, ինչ իր կորստից։ Սակայն նրա յուրահատուկ հոտն անգամ անձրևն ի վիճակի չէ լվանալ։ Այն ասես կպել է նրան, դարձել նրա մի մասը, ինչպես ժամանակին թերթիկներն էին։ Ուստի շարունակում են նրան ծաղրել։
Անցնում է մի շաբաթ, և կակաչավարդն այլևս ի վիճակի չէ դիմանալ ծաղրանքներին։ Վաղ առավոտյան, երբ հողը դեռ խոնավ է անձրևից, նա գարշահոտ շագանակագույն ցեխը քսում է գլխին՝ այն հույսով, որ հողի սուր հոտը կծածկի իր բույրը։ Սակայն գլխին քսված ցեխն ավելի մեծ ծաղրի առիթ է դառնում, քանի որ այժմ նա ոչ միայն կեղտոտ էր, այլև հոտը չի ել անհետացել։
Մոտենում է բերքահավաքի ժամանակը։ Մարդիկ գալիս են իրենց մեծ պարտեզի մկրատներով, որպեսզի կտրեն ծաղիկներն ու տանեն վաճառքի։
Կակաչներն անհամբեր սպասում են այն օրվան, երբ կզարդարեն մարդկանց տներն ու նրանց կուրախացնեն իրենց գեղեցկությամբ։ Չէ՞ որ նրանց գերագույն նպատակն է ցուցադրվել և հիացմունք առաջացնել։ Միայն կակաչավարդն է մնում դատարկ դաշտում, որովհետև մարդիկ նույնպես չեն ցանկանում իրենց հետ տանել օտարականին։
Որպես ի՞նչ պիտի վաճառեին նրան։ Ի վերջո նա իսկական կակաչ չէ, միայն կիսով չափ։ Նրա գլուխը չի համապատասխանում մարմնին, իսկ բույրը՝ մնացած կակաչներին։
Չընդունված ծաղկի համար գրեթե ոչինչ չփոխվեց, քանի որ նա ի սկզբանե մենակ էր, թեև շրջապատված էր այդքան շատ կակաչներով։
Սակայն երկար ժամանակ չի անցնում, և մի մարդ գտնում է նրան դաշտում:
- Ի՜նչ տարօրինակ բան։ Այս ծաղիկը ոչ մի ուրիշի չի նման, - ասում է նա:
Արմատով հանդերձ հանում է կակաչավարդին հողից և, դնելով մի տոպրակի մեջ, տանում իր նոր օջախը։
Բայց որտե՞ղ է նա հիմա հայտնվել։
Այստեղ ընդարձակ պատեր են և բարձր առաստաղ, որն ամբողջովին թափանցիկ է։ Ջերմոցն ամբողջությամբ ապակուց է կառուցված։ Այդպես կակաչավարդը կարող է շարունակել հիանալ կապույտ երկնքով և շողացող արևով։ Այստեղ անձրև չի գալիս։ Իր ջուրը նա ամեն օր ստանում է նույն ժամին՝ ծորակից կաթող կաթիլների տեսքով, որոնք հողի միջով անմիջապես հասնում են իր արմատներին։ Այդ պատճառով նրա թերթիկները չեն թրջվում։ Բացի այդ, այստեղ ամբողջ օրը հաճելի ջերմաստիճան է տիրում։
Ընդամենը մի քանի օր անց կակաչավարդին պարզ է դառնում, որ իր միայնությունն ավարտվել է։ Իր շուրջը բազմաթիվ վարդեր են աճում՝ փնջերով, որոնց ճյուղերին դեռ տերևներ չկան։ Թեև նա միակ վարդն է, որն ունի միայն մեկ ցողուն, այս ծաղիկները գոնե գլխի նույն ձևն ունեն, ինչ ինքը։ Ընթացքում նրա պոկված թերթիկները նորից աճել են և, ինչպես հարկն է, տարածվում են բոլոր ուղղություններով։
Կակաչավարդը մի ուրախալի բան էլ է բացահայտում. միայն իր բույրը չէ, որ տարածվում է այս հսկայական ապակե կառույցում։ Թեև նա դեռ միակ սպիտակ վարդն է բազմաթիվ կարմիր, վարդագույն և մանուշակագույն վարդերի մեջ, այստեղ այլևս ոչ ոք նրան չի մեղադրում «սուր» հոտ ունենալու համար։ Այս նոր վայրում բոլորն ունեն նույն բույրը:
Սակայն նրա ուրախությունը երկար չի տևում, քանի որ շուտով մյուս վարդերը նկատում են, որ նրա մարմինը տարբերվում է իրենցից։ Նրա ցողունը շատ ավելի հարթ է ու փափուկ։ Եվ, ամենակարևորը, նա փշեր չունի։ Հենց փշերն են, որ իսկական վարդին, նրա բնորոշ բույրի հետ միասին, վարդ են դարձնում։ Իսկ ընդհանրապես ի՞նչ են այդ երկու երկար ու լայն տերևները, որոնք կարծես թևեր լինեն։ Դրանք պիտի լինեն ավելի կարճ, ավելի նեղ, ավելի փոքր և ատամնավոր։
- Նա ինչպես վարդ բուրում է, բայց իսկական վարդ չէ, - այս անգամ հնչում է խմբակային նրանց երգը։
Կրկին կակաչավարդը գլուխը կախում է։ Ինչու՞ է նա այստեղ էլ օտար։
Վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են, կակաչավարդն իր շուրջը թափված ճյուղերը հավաքում է իր դիմաց։ Դրանք ընկել էն վարդերի փնջերից։ Ապա կոտրում է դրանք փոքրիկ, սուր փշերի և, ցավը հաղթահարելով, խրում իր մարմնի մեջ։ Միգուցե այդպես մյուսներն իրեն իրենցից մեկը համարեն։ Սակայն ինքնաշեն փշերը նրան ծաղրելու ևս մեկ պատճառ են դառնում, քանի որ այժմ նա կարծես կակտուսի պես հագնված լինի։
Մի ամիս անց կակաչավարդն այնքան է հուսալքվում, որ մի անքուն գիշեր կրծում է իր հարթ տերևիկները։ Եթե նրանք թեկուզ մի փոքր ատամնավոր դառնան, ինչպես մյուսներինը, գուցե վերջապես իրեն հանգիստ թողնեն։ Բայց դա նույնպես չի օգնում, որովհետև վարդերը իր վնասված տերևները վանող են համարում։ Այս անգամ կակաչավարդը վերջնականապես հիասթափվում է և ամբողջովին փակվում իր մեջ։
Վերջապես գալիս է ամառը, և մարդիկ կրկին վերադառնում են իրենց մեծ մկրատներով՝ վարդերը վաճառքի համար հավաքելու։ Կրկին կակաչավարդը միակն է մնում ջերմոցում։
Ո՞վ կուզենար գնել մի ծաղիկ, որը ոչ կակաչ է, ոչ էլ վարդ։ Իսկապես, ի՞նչ է նա իրականում։
Կակաչավարդն այլ ելք չի տեսնում։ Նա փորձել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Պատրաստ էր զոհաբերել իր մի մասը, միայն թե իրեն ընդունեին մյուսների շարքում։ Նա նաև պատրաստ էր իր մեջ ավելացնել այն, ինչը իրեն չէր պատկանում։ Սակայն դա էլ չօգնեց։ Նա փորձեց թաքցնել իր բույրը և համապատասխանեցնել իր արտաքինը։ Ամեն ինչ ապարդյուն էր։ Ինչո՞ւ է ճակատագիրը այսքան դաժան իր հանդեպ։ Ինչո՞ւ է նա այսքան տարբեր ծնվել։ Ինչո՞ւ նա նման չէ մյուսներին։
Միայն մի աղջնակ, որը ամբողջ այս ընթացքում կրկին ու կրկին վերադառնում էր նրան նայելու, կարծես չի դատապարտում ոչ նրա փոքր-ինչ այլ տեսքը, ոչ էլ քաղցր բույրը։
- Չնայած որ դու նման չես ոչ մեկին, քո բույրը սազում է մյուսներին: Թեև քո տերևները նույնը չէն նրանց, բայց թերթիկներտ՝ հիշեցնում են ոմանց, - ասում է աղջնակը, երբ հիացմունքով նայում է կակաչավարդին։
Երբ նա հեռացնում է կակաչավարդի ինքնաշեն փշերը, և սպիտակ ծաղիկը վերջապես ազատվում է ցավոտ բեռից, նա թեթևացած շունչ է քաշում։ Բայց մի րոպե… հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Մի փոքր բահով աղջնակը հանում է նրա արմատը հողից և դնում նրան փոքր դույլի մեջ՝ նրան այստեղից հեռացնելու նպատակով։ Բայց դեպի ո՞ւր։
Կակաչավարդը դեռ չէր հասցրել հասկանալ իր երջանկությունը, երբ հայտնվում է նոր վայրում։ Սա ոչ դաշտ է, ոչ էլ ջերմոց։
Թեև այստեղ նույնպես կան պատեր և առաստաղ, դրանք ապակուց չեն։ Այնուամենայնիվ նա իրեն այստեղ՝ պատուհանագոքին դրված գեղեցիկ զարդարված կերամիկական ծաղկամանի մեջ, առաջին իսկ օրից լավ է զգում, քանի որ նոր վայրը նրան հնարավորություն է տալիս շարունակել նայել պարտեզին և հիանալ արևի լույսով։
Թեև այստեղ էլ անձրև չկա, աղջնակը ամեն օր գալիս է և թարմ ջուր է լցնում ծաղկամանի մեջ։ Երբեմն մի քանի կաթիլ ջուր էլ ընկնում է նրա թերթիկներին, ինչը նրան խուտուտ է տալիս և ստիպում ժպտալ։ Եվ ամեն անգամ, երբ աղջնակը այցելում է նրան, հպարտությամբ ասում է.
- Տեսե՛ք, սա իմ կակաչավարդն է։ Նա ոչ մի այլ ծաղիկի էլ նմանը չէ:
Անցնում են շաբաթներ, և կակաչավարդը իր պատուհանագոգից հետևում է, թե ինչպես են նոր, թարմ ծաղիկներ բերում և դնում ծաղկամանում՝ մեծ ճաշասեղանը զարդարելու համար։ Նրանք այնքան երջանիկ տեսք ունեն․ ի վերջո, նրանք գտնվում են հյուրասենյակի կենտրոնում զբաղեցնելով լավագույն տեղը։ Այնտեղ հավաքվում է ամբողջ ընտանիքը, ուտում, խմում և տոնում։
Կրկին ու կրկին նոր հյուրեր են գալիս նոր ծաղիկներով՝ երբեմն մեխակներ, երբեմն շուշաններ, երբեմն էլ այլ ծաղիկներ։ Սակայն նրանք բոլորը նույն տեսքն ունեն և նույն բույրը։ Նրանց մեջ երբեք ոչ մեկը իր նման յուրահատուկ չէ։ Կակաչավարդը նախանձում է նրանց, որ իրար ունեն։ Ծաղիկները գրեթե ամբողջ օրը ծիծաղում են և նույնիսկ չեն նկատում նրան բաց դռան հեռվում:
Կակաչավարդը պատուհանագոգին կանգնած՝ լիովին միայնակ, նայում է դեպի պարտեզը, որտեղ աղջնակը ծնկի իջած մի անցք է փորում։
«Երևի նա խղճացել է ինձ և այդ պատճառով ինձ իր տուն է բերել», - մտածում է կակաչավարդը։ - «Եթե նա իսկապես ինձ սիրեր, ապա ինձ կդներ հյուրասենյակում՝ այստեղ անկյունում մենակ թողնելու փոխարեն»։
Բայց կակաչավարդը մի բան էլ է նկատում․ ամեն շաբաթ ծաղկամանի ծաղիկների թերթիկները թափվում են, և ինչ-որ մի պահի նրանց գլուխները ներքև են կախվում, ու նրանցից սկսում է նեխած հոտ գալ։ Ապա մի կին գալիս է, բռնում թառամած ծաղիկները, դնում տոպրակի մեջ և նետում պարտեզում դրված շագանակագույն տարայի մեջ։ Միայն կակաչավարդը չի կորցնում ոչ իր թերթիկները, ոչ իր տերևները և ոչ էլ իր բույրը։ Նա միակն է, ում այդ տխուր ճակատագիրը կարծես խնայում է։
Բայց նրա կյանքի ժամանակն էլ սահմանափակ է։ Մի աշնանային օր աղջնակի հայրը կանգնում է նրա առջև՝ մի ձեռքում մկրատ, մյուսում՝ արկղ.
«Ի՞նչ է նա ուզում անել այս մկրատով», - զարմանում է կակաչավարդը։ Արդյո՞ք նրան կկտրի և կդնի ծաղկամանում՝ սենյակը զարդարելու համար։
Կակաչավարդը դեռ մի քանի օր առաջ ոչինչ այնքան չէր ուզում, որքան գոնե մեկ անգամ ճաշասեղանի կենտրոնում հայտնվելը։ Բայց հանկարծ այդ պատկերացումն ինքն էլ նրան վախեցրեց։ Նա չէր ուզում մյուս ծաղիկների նման ավարտ ունենալ և որպես թառամած ծաղիկ հայտնվել պարարտանյութի տարայում։ Թեև նա այստեղ ամբողջ ժամանակ միայնակ էր, այս տեղը դարձել էր իր տունը։
- Մի՛ վախեցիր, սիրելի՛ կակաչավարդ։ Այս ամենը կունենա դեռ լավ ավարտ, - ասում է աղջնակը, երբ տխուր հայացքով նայում է նրան։
Բայց չվախենալու համար արդեն ուշ է․ Սպիտակ ծաղիկը զգում է մկրատի սուր շեղբը իր ցողունի վրա։
Գալիս է երկար ձմեռը ու ծածկում պարտեզը սպիտակ ձյունով։ Հետո վերադառնում է գարունը, ծաղկում են առաջին ծաղիկներն, ու հրաշք է տեղի ունենում։ Հենց այն պատուհանի դիմացի փոքրիկ ծաղկանոցում, որտեղ կակաչավարդն էր դրված եղել ծաղկամանի մեջ, սպիտակ ծաղիկը կրկին վերակենդանում է։
Երբ նա առաջին անգամ բացում է աչքերը, զարմացած շուրջն է նայում։ Այս անգամ որտե՞ղ է հայնտվել։ Նա ճանաչում է պարտեղը, որը միշտ տեսնում էր պատուհանից։ Պիտի որ աղջնակը իր արմատներն այստեղ տնկած լիներ։
Կակաչավարդը հազիվ է կարողանում ըմբռնել դեռևս ապրելու և ևս մեկ գարուն վայելելու իր երջանկությունը։ Բայց ինչու՞ է միայն նա փրկվել։ Եվ ովքե՞ր են այս բոլոր մյուս ժպտերես ծաղիկներն իր շուրջը՝ նարգիզակակաչն ու վարդաքրիզանթեմն ու բազմաթիվ այլ գունավոր խառնատեսակներ, որ նա երբեք այս կերպ չէր տեսել ու չէր զգացել նրանց բույրը։
- Թեև բոլորս միանման չենք այս այգում, բայց մեզնից ոչ մեկ մենակ չէ աշխարհում, - միասին երգում են նրանք ծաղկանոցում:
Կակաչավարդը գոհունակությամբ ծիծաղում է երբ ողջունում են նրան իրենց շարքերում ։ Նա միշտ կարծում էր, որ իր յուրահատուկ տեսակի մեջ եզակի է։
Այդ պահին նա վերջապես հասկացավ․ եթե նա լիներ մյուս ծաղիկների պես, որոնց նմանվել էր ուզում իր նախկին կյանքում, ապա այսօր այստեղ չէր լինի։ Շագանակագույն տարայում իր ավարտը գնտելու ճակատագրին չարժանանալու պատճառը միայն այն էր, որ ԻՆՔԸ մյուս ծաղիկների նման չէր, քանի որ ԻՐԵՆ չեին կարող փոխարինել ոչ մի ծաղկամանի մեջ։
Մինչ կակաչավարդը զգում է արևի տաք շողերը իր նոր թերթիկների վրա և ճոճվում է գարնանային մեղմ քամուց, նա վեր է նայում դեպի երկինք և խոստանում ինքն իրեն․ այլևս երբեք որևէ մաս իրենից դեն չի նետի, ոչ էլ իր էության մեջ որևէ բան փոխի, ոչ մի կողմ իրենից չի թաքցնի, կամ էլ ինչ-որ բան ավելացնի, որը իրեն չի պատկանում, միայն նրա համար, որ իրեն ընդունեն մյուսները։
Առաջին անգամ նա ուրախ է, որ կարող է լինել այն, ինչ կա, քանի որ բոլոր դաշտերում և պարտեզներում կան անհամար կակաչներ ու վարդեր՝ բոլոր գույներով և չափերով։ Բայց իր նման երկրորդն ամբողջ աշխարհում չկա։
- Հետո՞ ինչ որ ոչ միայն այս մեկին կամ մյուսին եմ նման: Երախտապարտ եմ, որ հենց ես յուրահատուկ եմ այսքան, - շողալով երգում է կակաչավարդը իր սեփական երգը։
Վերջ
Սեթն ընդդեմ Քվիչի
կամ Ստորգետնյա գաղտնի աշխարհը
Պապաս միշտ ասում է.
- Սուպերհերոս չեն ծնվում, սուպերհերոս դառնում են, այն էլ՝ արարքների շնորհիվ։
Անկեղծ ասած՝ ես ավելի շատ կուզեի սարդ-մարդու ունակություններ ունենալ ու կարողանայի ձեռքերիս միջից սարդոստայններ կրակել կամ երկաթ-մարդու պես ուժեղ լինել, բայց չեմ ուզում բողոքել իմ սուպեր ունակություններից, քանի որ ես հաստատ գիտեմ, որ ամեն մեկը չի, որ ունի նման հատուկ շնորհ, ավելի ճիշտ՝ մեր դպրոցում ինձնից բացի ոչ մեկ չունի։ Ու հենց դա էլ ինձ արդեն սուպերհերոս է դարձնում։ Ես կարողանում եմ անել մի բան, որն ուրիշները չեն կարողանում։ Էրեխե՛ք, դա զիլ է, թե գժական, չգիտեմ։ Պապաս նաև մշտապես ասում է, որ չպիտի երևակայեմ ինձ դրա համար, քանի որ ես այդ ունակությունն ի ծնե ունեմ ու ոչ թե յուրացրել եմ։ Մի խոսքով՝ ես այն ինքս չեմ վաստակել, հա բայց սուպերմենն էլ կարողանում էր թռչել, է հետո ի՞նչ։
Ի դեպ, ես Սեթն եմ, Ս-Ե-Թ։ Երևի մտածում եք՝ այ քեզ ծիծաղելի անուն, ու ես ձեզ հետ համաձայն եմ։ Մի՛ հարցրեք, թե ինչու են ծնողներս այսպիսի պատահական անուն հորինել։ Իմ ամբողջական անունը Սեթ Ֆայինգ է։ Բայց ինձ հանգիստ կարող եք Սետիսֆայինգ անվանել։ Այս մականունը ինքս եմ ինձ տվել։ Այն անգլերեն է և նշանակում է «գոհացուցիչ»։ Ես ինձնից և իմ կյանքից շատ գոհ եմ։ Դե բացի մամայիս հետ կապված դեպքից, որի մասին ձեզ հեսա կպատմեմ։ Բայց սկզբում հաստատ կուզեք իմանալ, թե ո՞րն է իմ սուպերուժը։ Դե բռնվե՛ք․ ես կարողանում եմ ժամանակը կանգնեցնե՛լ։ Լրիվ գժակա՛ն է կամ էլ շատ զի՛լ։
Կհարցնեք՝ ինչպե՞ս եմ դա անում։ Ձեռքս առաջ եմ պարզում, մատերս չռում և ցածր ձայնով ասում «Կա՛նգ առ»։ Էրեխե՛ք, ես դա հատուկ պարապել եմ։ Լավ, խոստովանում եմ, դա անում եմ միայն զիլ էֆեկտի համար։ Իրականում բավական է միայն մտքում ասել «Կա՛նգ առ», բայց դա մի տեսակ սուպերհերոսական չի։
Ամեն դեպքում, երբ ասում եմ «Կա՛նգ առ», ամեն ինչ քարանում է։ Ու ամեն ինչ ասելով հենց ամեն ինչ էլ ի նկատի ունեմ՝ մարդիկ ու կենդանիները, անգամ առարկանները։ Օրինակ՝ եթե դուք հիմա բաժակ վայր գցեք ու ես գոռամ «Կա՛նգ առ», այն օդում կանգնած կմնա, մինչև որ ես ձեռքս բռունցք անեմ ու ցածր ձայնով ասեմ «Շարունակվի՛ր»։
Դուք հիմա կմտածեք, որ դա կեղծիք է։ Այո՛, այդպես էլ կա, բայց դա ազդում է։ Գոնե ես այդպես եմ մտածում․ չէ՞ որ մարդկանց մեծ մասը դրանից տեղյակ էլ չի լինում, քանի որ նրանք քարացած են լինում։ Իհարկե, եթե ես նրանց կեսից չեմ արթնացնում։ Դրա համար ես նրանց գլխի հատվածում մի տեղի պիտի ձեռք տամ։ Օրինակ՝ ենթադրենք՝ իմ՝ ժամանակը կանգնեցնելու արդյունքում դուք քարացել եք, ես թակում եմ ձեր ուսին ու դուք նորից կարողանում եք շարժվել, բայց մնացածները՝ ո՛չ։
Ի դեպ, այս հնարը ես շատ եմ կրառել իմ դասընկերների մոտ։ Հաստատ կպատկերացնեք, թե որքան լավ է դա ընդունվում, հատկապես աչքով անող սմայլիկ սիրով աղջիկների մոտ։ Նրանց համար ես անկասկած սուպերհերոս եմ։ Հաստատ կպատկերացնեք, թե նման քարացումը ինչ գժոտ է, երբ մենք ստուգողական աշխատանք ենք գրում։ Ես արագ վազում եմ սեղանի մոտ ու նայում պատասխանները։ Իմ ունակության շուրջ արդեն լեգենդներ են պտտվում։
Եթե ուզում եք իմանալ, թե էլ ինչի համար է լավ իմ սուպերուժը, նորից պիտի անդրադառնամ բաժակի իմ օրինակին․ ես կարող եմ չթողնել, որ այն գետնին ընկնի ու հազար կտորի բաժանվի։ Գիտե՞ք՝ ինչպես։ Ես այն ժամանակին կբռնեմ ու իր տեղը կդնեմ։ Հավատացեք, էրեխե՛ք, դա ինձ մի քանի ջղային իրավիճակից փրկել է։ Մի անգամ մամայիս սիրելի ծաղկամանը վայր ընկավ։ Ես այնտեղ կանգնած էի ու նայում էի, թե ինչպես է այն կոմոտի վրայից շուռ գալիս։ Ես արագ «Կանգ ա՛ռ» ասացի ու այն իր տեղը դրեցի։ Ու հիմա, ամեն անգամ, երբ ես ծաղկամանը տեսնում եմ, մամայիս եմ հիշում։
Այո՛, դուք արդեն ճիշտ եք կռահում․ մամաս այլևս չկա, բայց այս մասին պատմությունը հեսա կպատմեմ։ Այն մի քիչ բարդ պատմություն է։ Ի դեպ, այստեղ շատ բաներ արդեն կենդանի չեն։ Օրինակ՝ ես չգիտեմ, թե արդյոք մամայի սիրելի ծաղկամանի մեջ երբևէ իրական ծաղիկներ եղել են, թե ոչ։ Այդ ծաղկամանը ես տեսել եմ միայն արհեստական կակաչներով։ Իրականությունն այն է, որ ծաղիկները միայն վերևում են՝ երկրի վրա։ Պապաս ասում է, որ դա մարդկանց մեղքն է, ու դրա համար էլ մենք արժանացել ենք նրան, որ ստիպված ենք գետնի տակ ապրել։ Դուք ճիշտ հասկացաք։ Ես՝ Սեթ Ֆայինգը, հենց ինքը Սեթիսֆայինգը, ապրում եմ խորը գետնի տակ։ Ու խորը ասելով ես հենց իսկապես շատ խորը ի նկատի ունեմ։ Աշխարհը վերևում արդեն հարյուր տարի է այլևս բնակելի չէ։ Արևն այնքան է այրում, որ ոչ ոք չի կարող այդ տապին կենդանի մնալ։ Այնպես չէ, որ այստեղ՝ ներքևում, օդը շատ հաճելի է, բայց վերևում հաստատ շատ վատ է։ Այդ պատճառով էլ գրեթե բուսականություն չկա, միայն կակտուսներ ու նման բույսեր են, որոնք գրեթե ջրի կարիք չունեն ու տապին երկար դիմանում են։ Բայց դա մեր՝ մարդ տեսակի՝ դեպի երկրի խորքը սողոսկելու միակ պատճառը չէ։ Վերևում հիմա տիրում է «չարքը» չորս ոտքերի, է՛հ, չորս թաթերի վրա։ Դե արդեն հասկացաք էլի՝ այն կեդանիները երկար մռութով, սուր ականջներով, մազոտ մորթիով և երկար պոչով։ Հիմա հաստատ գայլի մասին եք մտածում, բայց չէ, ասեմ ձեզ՝ այսօր դրանք իսկական հրեշներ են։ Խոսքը եռագլուխ մուտանտների մասին է։
Չե՞ք հավատում։ Խոստովանում եմ՝ ես էլ այդքան վստահ չեմ, քանի որ դեռ երբեք չեմ տեսել կենդանի գայլ։ Հրեշին ես միայն մամայիս պատմածներից գիտեմ։ Այնքան էլ շատ ստորգետնյա բնակիչներ չկան, որոնք համարձակվում են երկրի մակերևույթ բարձրանալ։ Իրականում դա միայն որսորդներն են անում՝ կանայք ու տղամարդիկ, որոնք վերևում որս են անում մեզ սննդով ապահովելու համար։ Ինչպես որ կարող եք պատկերացնել, այստեղ՝ ներքևում, ուտելու շատ բան չկա։ Մեզ՝ մարդկանց, ուրիշ բան չի մնում, քան որսի գնալ։ Սակայն այնստեղ խնդիրն այն է, որ մենք էլ ուտելիք ենք մուտանտների համար, քանի որ նրանք էլ վերևում՝ չոր երկրի վրա, սննդի պակաս ունեն։ Դրա համար էլ միայն պատրաստված որսորդներին է թույլատրվում բարձրանալ երկրի մակերևույթ։ Մուտանտները ապրում են մինչև տասնչորս գայլից բաղկացած ոհմակներով՝ հրեշների մի ամբողջ ընտանեկան բանդա, իսկական կլան։ Նրանց դեմ ոչ մի շանս չունես, եթե միայնակ ես։ Այդ ժամանակ շատ արագ դառնում ես շան կեր, եթե այս դեպքում ընդհանրապես շան կեր կարելի է ասել։
Էրեխե՛ք, ես գիտեմ՝ ինչ եմ ասում․ մամաս էլ էր որսորդ։ Ու երեք տարի առաջ նրա հետ հետևյալ դեպքն է պատահել։ Գլխավոր հրեշը հարձակվել է նրա վրա, այո՛, ոհմակի առաջնորդը։ Ես այն ժամանակ տասը տարեկան էի։ Պապաս ասում է, որ մաման սուպերհերոս է եղել, որովհետև այնքան հաճախ է իր կյանքը վտանգել մեզ՝ ստորգետնյա բնակիչներիս համար։ Անգամ պապաս է այնտեղ եղել, երբ այդ դեպքը տեղի է ունեցել։ Ի գիտություն ձեզ՝ պապաս պաշտպան է՝ մարդկանց պահապան։ Իմ սուպերունակությունը ես ամբողջովին նրանից եմ ժառանգել։ Նա օգտագործում է իր շնորհը որսի ժամանակ որսորդներին օգնելու համար։ Իրականում խնդիր չկա․ չէ՞ որ կան դիմակներ, որոնցով վերևում կարող ես օդ շնչել։ Բայց հենց այդ օրը դիմակ չկար։ Պապաս բարձրացել է վերև ու չի գտել դիմակ։ Իհարկե, նա ուզեցել է մամայիս օգնել, բայց տապն ու վատ օդը ․․․ Դե արդեն կռահեցիք․ նա պարզապես վայր է ընկել։ Մամաս քաջորեն ընկել է նրա և Քվիչի միջև։ Այո՛, ճի՛շտ է, ես խոսում եմ Քվիչի՝ բոլոր գայլերից ամենաչարի, գլխավոր հրեշի մասին։ Մյուս որսորդները դա տեսնում են, բայց շատ ուշ։ Նա իր կյանքը վտանգել է հանուն իմ հոր, իսկ հայրս մինչ օրս չի կարողանում ինքն իրեն ներել դրա համար։ Չէ՞ որ նա մամայիս պիտի պաշտպաներ գայլերից, բայց մայրս նրան պաշտպանեց։ Դրա համար էլ նա միշտ ասում է․
- Շնորհը ոչ մի արժեք չունի, եթե այն ճիշտ չի կիրառվում։
Ես հստակ գիտեմ՝ երբ մեծանամ, ինչ եմ անելու․ գտնելու եմ այդ Քվիչին ու նրա կլանը և վրեժս լուծելու։ Ու որ ասում եմ վրեժ լուծել, հենց իսկական վրեժ լուծելն էլ ի նկատի ունեմ։ Նա կվճարի մորս ինձնից խլելու համար։ Իմ սուպերուժով ես կլինեմ լավագույն որսորդը, որին ստորգետնյա աշխարհը երբևէ տեսել է, ամեն դեպքում որին ես երբեք չեմ տեսել։ Կսպանեմ հրեշներին անձամբ։ Ու դա շատ ավելի զիլ է, քան պաշտպան լինելը։
- Դու՝ որսո՞րդ։ Պահ, մի՛ ծիծաղեցրու, - ասում է երեսիս կարմրագլուխն ու խայթող ծիծաղում։ Նրա անունը Գլորիա է, բայց ես նրան իր հրակարմիր մազերի համար Կարմրագլում եմ ասում, բայց դա միակ հատկանիշը չէ, որ տարբերում է նրան բոլոր մյուս աղջիկներից։ Կարմրագլխին՝ Գլորիային, բոլորովին չի հետաքրքրում իմ սուպերուժը։ Նա մյուս աղջիկների նման չի ցնծում, երբ ես ստուգողականի ընթացքում ժամանակը կանգնեցնում եմ, որպեսզի բոլորը տիկին Ճերմակահերի կամ, ինչպես որ նրա իսկական անունն է՝ միսիս Ջեկոբսի ուսի վրայով կարողանան կարճ հայացք գցել պատասխանների թերթիկին։
- Երբ դու ստուգողական աշխատանքի ընթացքում քո այդ ժամանակ-մամանակի ունակություններով արտագրում ես, միայն նրա համար, որ դու չափազանց ծույլանում ես սովորել, պարզապես ինքդ քեզ ես խաբում։ Որովհետև ով չի սովորում, հիմար է մնում։
Նման խոսքեր ես մշտապես լսում եմ Կարմրագլխից։ Նա միշտ այդպես փիլիսոփայում է։ Ընդ որում, նա մամայիս նման է ասում, ու ամենավատն այն է, որ ես իրականում գիտեմ, որ նա մամայիս նման իրավացի է։ Հիմա մտածում եք՝ ծնողները երբեք իրավացի չեն, բայց իմ մաման այլ էր։
Կարմրագլխի համար ես կարող եմ ամեն ինչ լինել, բայց ոչ սուպերհերոս։ Նրա համար ես լուզեր[1] եմ։ Երևի դա հենց այն է, ինչ նրան յուրահատուկ է դարձնում, այն, թե ինչու եմ ես մշտապես նրա մասին մտածում ու այն մասին, թե ինչպես է նա իր կանաչ աչքերը նյարդայնացած ոլորում, երբ ես նրան քարացած վիճակից հանում եմ։
- Քո այդ կախարդական հնարները քեզ չե՞ն ձանձրացնում, Սեթ տղա, - այսպես ասելով՝ նա մոտենում է ինձ ու ինձ զայրացնելու համար նաև հորանջում։
Երբ նա ինձ «Սեթ տղա» է ասում, ինձ կորցնում եմ, բայց ոչ նրա համար, որ ես դա շատ հաճելի եմ համարում, այլ նրա համար, որ դա պարզապես ապացուցում է, թե նա ինչ բացարձակ անհաջողակ է ինձ համարում։ Զի՛լ չէ։ Իրականում ես մի օր մի բան պիտի ասեմ, բայց հենց ես նրա կարմիր մազերը տեսնում եմ, ուղեղս լրիվ անջատվում է ու էլ ոչ մի բան չեմ հիշում։
«Դե քեզ հավաքի՛ր, Սեթիսֆայինգ», - ինձ ուշքի բերելու համար ասում եմ ինքս ինձ։
Իսկ Կարմրագլխին, որ ինձ հենց նոր բոլորի ներկայությամբ նեղացրեց, ասում եմ․
- Ես դեռ կդառնամ այն ամենահզոր որսորդը, ինչպիսին ստորգետնյա աշխարհը երբևէ չի տեսել։
Ու կրկին Կարմրագլուխը բարձր ծիծաղում է և թափահարում իր հրակարմիր մազերը։
- Բոլորն էլ կարող են ասել։ Դե ապացուցի՛ր, Սեթ տղա, եթե այդքան սուբերհերոս ես, ինչպես որ կարծում ես։
Հերի՛ք եղավ։ Ես չեմ պատրաստվում դիմանալ սրան։
Ես նստում եմ ուղիղ Կարմրագլխի դիմաց ու մռայլ նայում նրա կանաչ աչքերի մեջ։ Ու մռայլ ասելով հենց մռայլ էլ ի նտակի ունեմ։
- Այսօր՝ դասերից հետո, գնում ենք երկրի մակրևույթ, ու դուք բոլորդ լայֆ կտեսնեք, թե ես ինչպես եմ Քվիչին անձամբ այն աշխարհ ուղարկում։
Այդ խոսքերն ասելով՝ ես ձեռքս բռունցք եմ դարձնում ու կանչում․ «Շարունակվի՛ր», որպեսզի ժամանակը շարունակվի պտտվել։
Միսիս Ջեկոբսը շշմած նայում է, երբ հանկարծ բոլոր աշակերտներն իրենց տեղերում նստած լինելու փոխարեն հայտնվում են նրա շուրջը։
- Ի սեր Աստծո, ի՞նչ է այստեղ կատարվում։ Սեթ Ֆայինգ, կրկի՞ն քո ձեռքի գործն է։
Տիկին Ճերմակահերը ուսումնասիրում է ինձ իր եղջյուրե շրջանակով ակնոցի տակից, որը նրա աչքերն էլ ավելի դուրս ընկած է դարձնում, քան դրանք բնականից կային։
- Բայց ես չեմ, միսի՛ս Ջեկոբս, - լրիվ անմեղ ասում եմ ես ու էլի ավելի անմեղորեն ձեռքերս գրպաններս դնում։
Ուսուցչուհիս հոնքերը կիտում է․
- Քո մտքում հաստատ մի բան կա՛։
Ես հնարավորինս վստահելիորեն թափահարում եմ գլուխս, մինչդեռ Կարմրագլուխը ոլորում աչքերն ու դուրս գալիս, քանի որ դասամիջոցի զանգը հնչում է։
Այ մարդ, ո՞նց եմ դուրս գալու էս անդուր իրավիճակից։ Ո՞նց եմ գնալու երկրի մակերևույթ։ Այնտեղ միայն մեծահասակներին է թույլատրվում։ Ու եթե անգամ կարողանամ բարձրանալ, ոնց եմ կռվելու Քվիչի ու նրա մուտանտների ոհմակի դեմ։ Ես երբեք չեմ անցել որսորդի պատրաստություն։ Ես անգամ նիզակը ձեռքս բռնել չգիտեմ, էլ չասեմ նետ արձակելու մասին։ Դրա համար ինձ հաստատ պատրաստվել է պետք։ Ու քանի որ մինչև դասերի ավարտը ինձ երկու դասաժամ է մնացել, որոշում եմ մնացած դասերից փախչել կրակել պարապելու համար։
- Ով դասից փախճում է, հիմար է մնում, - կրկին գլխումս հնչում է Կարմրագլխի նյարդային ձայնը։
Դրա համար էլ ես որոշում եմ կիսատ փախչել ու ժամանակը կանգնեցնում եմ, որպեսզի մի քիչ պարապեմ։ Մաթեմատիկան կարող է մի քանի ժամ սպասել։
Էրեխե՛ք, հավատացե՛ք, նետով կրակելը ավելի հեշտ է թվում, քան իրականում կա։ Ու պարզվում է, որ մի բան է ուղղակի նետով կրակելը, մի այլ բան՝ թիրախին դիպչելը։ Երևի ես այս անգամ չափից ավել գլուխ գովեցի, բայց այլևս չէի կարող դիմանալ Կարմրագլխի այդ հիմար խոսքերին։ Մտածում եմ՝ ի՞նչը պիտի տապալվի։ Չէ՞ որ պետք եկած ժամանակ ես կարող եմ իմ սուպերուժն օգտագործել, եթե նետը սխալ ուղղությամբ թռչի, և նրա ուղղությունն այնպես փոխեմ, որ ամեն դեպքում հասնի իր նպատակին։
Այս մտքով ես որոշեցի իմ պարապմունքը դադարեցնել, քանի որ այն այլևս բան չի փոխի։ Բացի այդ սուպերուժ ունեցող մարդը բոլորովին էլ պարապելու կարիք չունի։
Մաթեմատիկայի դասին լուռ նստած վհատված մտածում եմ, թե ինչպես պիտի դասավորեմ, որ բարձրանանք երկրի մակերևույթ։
- Երբեք քո շնորհը չօգտագործե՛ս մեր աշխարհի կանոններին դեմ, - հիմա կասեր պապաս, բայց հատուկ իրավիճակները հատուկ միջոցներ են պահանջում։
Եթե հիմա մտածում եք, որ ստորգետնյա աշխարհը մի մութ անցք է, ապա սխալվում եք, առնվազն կիսով չափ։ Չնայած այստեղ մութ է, քանի որ մենք արևային լույս չունենք, բայց մենք դրա փոխարեն օգտագործում ենք արևի լույսը, որպեսզի երկրի վրայի արևային էներգիայի միջոցով էլեկտրականությունը բերենք երկրի տակ։
Էլեկտրականության կարիքը կա նաև երկրի մակերևույթ հասնելու համար։ Առանց հոսանքի մենք կարող էինք մոռանալ մեր ճամփորդությունը դեպի վերև, քանի որ հատուկ վերելակները չէին կարող աշխատել, որոնք մարդկանց ստորգետնյա աշխարհից դեպի վերգետնյա աշխարհ են տեղափոխում։ Սակայն այդ վերելակի առաջ միշտ մի լայնաթիկունք թիկնապահ է կանգնած, որը հետևում է, որ ոչ ոք ստորգետնյա աշխարհից դուրս չսողոսկի։ Ու որպեսզի վերևում շնչահեղձ չլինես, պետք է հատուկ դիմակ կրես։ Դե արդեն ասել էի դրա մասին։
Մեր ամբողջ սպառազինությամբ մենք բոլորս, այսինքն՝ ամբողջ դասարանը, հավաքվում ենք ուղիղ վերելակի դիմաց։
Թիկնապահ Բոբին կասկածամտորեն մեզ է ուսումնասիրում։
- Այդ երբվանի՞ց եք դուք՝ երեխաներդ, նման ծիծաղելի տնային առաջադրանքներ ստանում, - նա հարցրեց այն բանից հետո, երբ ես նրան պատմեցի, որ մեր ուսուցչուհին մեզ հանձնարարել է տեղեկություններ հավաքել վերգետնյա աշխարհ ճամփորդության մասին։ Ես միայն ուսերս թոթվեցի։
Բոբին ձեռքի շարժումով մեզ հասկացրեց, որ իրեն հետևենք, ինչը մենք խելոք արեցինք։
- Տեսնու՞մ եք այս կանաչ կոճակը, - ցուցամատով նա ցույց տվեց այն բոլոր գունավոր կոճակներից ամենավերինը, որոնք վերգետնյա աշխարհի տարբեր հարթություններ էին տանում։
Իմ դպրոցն, օրինակ, գտնվում է յոթ հարկերից նախավերջինում, իսկ իմ տունը՝ երրորդում։
- Այն դուք պետք է տասը վայրկյան սեղմած պահեք, - շարունակում է բացատրել Բոբին։
Մենք բոլորս միաժամանակ գլխով ենք անում, ու ես ձև եմ բռնում, իբրև նշումներ եմ անում իմ հեռախոսի հավելվածի մեջ։
- Որքա՞ն ժամանակ կարող ես վերգետնյա աշխարհում դիմակով շնչել, - հարցնում է Կարմրագլուխը։ Նրա ձայնը ես մեր դպրոցի աղջիկների մեջ իսկույն ճանաչում եմ։ Նա մի տեսակ ամենագետի ցածր ձայն ունի։
- Սարքերի միջի թթվածինը պիտի որ մեկ ժամ բավականացնի, - բացատրում է Բոբին։ - Բայց ամենակարևորն այն է, որ որսորդները գայլերի տարածքի շուրջ մի մեծ շրջան անեն։ Հաստատ ձեր ուսուցչուհին դա ձեզ արդեն ասել է։ Այնտեղ նրանք որսի իրավունք ունեն, ու ով այդ կարգին չի հետևում, նրա բախտը չի բերում։
- Իսկ մենք ինչպես իմանանք, թե որ տարածքն է գայլերին պատկանում, - հարցնում եմ ես ու չեմ նկատում, թե ինչպես եմ մատնվում։ Միայն երբ Կարմրագլուխը կրկին աչքերը ոլորում է, ես հասկանում եմ․
- Է՛հ, ի նկատի ունեմ, իհարկե, որսորդները։
- Գայլերը դա շների նման են անում։ Նրանք նշում են իրենց տարածքը՝ միզելով սահմանների մոտ։
Այս տեղեկությունը ես իսկապես գրանցում եմ չմոռանալու համար։
- Երեխանե՛ր, էլի՞ հարցեր ունեք, թե կարող եմ հանգիստ իմ աշխատանքը շարունակել։
Ես շուրջս եմ նայում։ Մոտակայքում չի երևում ոչ մի որսորդ, որն ուզում է վերելակն օգտագործել․ բա էլ ի՞նչ աշխատանքի մասին է խոսում Բոբին։ Էական չէ։ Հիմա իսկական ժամանակն է իմ ծրագրի երկրորդ մասի համար։
- Կարո՞ղ ես մեզ նկարել, որպեսզի մենք մեր ուսուցչուհուն կարողանանք ցույց տալ, որ մենք իսկապես այստեղ եղել ենք։
Ես Բոբիին եմ մեկնում իմ բջջային հեռախոսը՝ ամենանոր մոդելը, ու սպասում եմ, մինչ նա դուրս գա վերելակից։
Երբ նա մեր կողմն է շրջվում, տեսախցիկը մեր վրա ուղղում և «չի՛զ» ասում, ես առաջ եմ պարզում ձեռքս, չռում մատերս ու բարձր գոչում․
- Կա՛նգ առ։
Ամեն ինչ իսկույն քարանում է՝ Բոբին տեսախցիկը ձեռքին ու բոլորն իմ շուրջը։ Ես նայում եմ Կարմրագլխին։ Նա միակն է, ով հիմարի պես քմծիծաղ չի տալիս, բայց դրա փոխարեն քարացել է հենց աչքերը ոլորելու պահին։ Դա տեսնելիս անգամ ես քմծիծաղ տվեցի։ Դրա համար էլ ես առաջինը արթնացրեցի իմ մյուս դասընկերներին, իսկ նրան՝ ամենավերջում։ Արդեն հուզված նրանից, թե մեզ ինչ է սպասում վերևում, ես սեղմեցի ամենավերին կոճակը, Կարմրագլխի աչքերի նման կանաչ։
Հանկարծ վերելակը այնքան մեծ արագությամբ վեր սլացավ, որ ես այդ հին սարքից բոլորովին չէի ակնկալի, ու իմ մաթեմատիկական հաշվարկով միայն 3,3 վայրկյան տևեց, մինչ այն կանգ առավ։
Ես գլխի շարժումով բոլորին նշան տվեցի դիմակները դնել։
Երբ դրանից անմիջապես հետո դռները բացվեցին, ես ստիպված եղա աչքերս կկոցել, որպեսզի ցերեկային լույսի պայծառությունը ինձ չկուրացնի։ Կարծես մյուսներն էլ էին այդպես զգում, որովհետև աչքերը թարթում էին ու ձեռքերը պահում ճակատներից վերև։ Միայն երբ Կարմրագլուխն առաջ եկավ, իր կարմիր բաշը թեթև շարժումով հետ տարավ ու մատը ճտտացնելով մեզ նշան տվեց, որ իրեն հետևենք, ես էլ արթնացա իմ անշարժությունից։ Առաջին անգամ ինքս էլ կարծես քարացած լինեի՝ առանց ժամանակը կանգնեցնելու։ Բայց մի րոպե, այստեղ ի՞նչ է կատարվում։ Ո՞նց թե բոլորը հետևում են Կարմրագլխին։ Ի՞նչ է՝ նա ղեկավարումը իր ձեռքն է վերցրե՞լ։ Ես դա չեմ կարող թույլ տալ․ ի վերջո ես եմ այստեղ ոհմակի առաջնորդը։
Մեծ քայլերով ես գնացի դեպի Կարմրագլուխը նրանից առաջ անցնելու համար։
- Դե՛, բանդա՛, հիմա իմ հետևից, - գոռում եմ ես հետևից եկողներին պարզ ցույց տալու համար, թե ով է այստեղ ասողը։ Կարիք չկա շրջվելու Կարմրագլխի կողմը հասկանալու, որ նա հենց հիմա աչքերն է ոլորում։
Ձեռքի մի ճկուն շարժումով ես ուսապարկիցս հանեցի նետն ու աղեղը և կախեցի ինձ վրա։ Երբեք չգիտես, թե թշնամին երբ դիմացդ կհայտնվի։ Շուրջ բոլորը ոչինչ չի երևում, իսկ հեռվում երևացող քաղաքում միայն լքված ավերակներ էն։
Եվ հիմա մենք կանգնած ենք Օրինջ շրջանի կենտրոնում։ Որտե՞ղից ես դա գիտեմ։ Մամաս միշտ լուսանկարում էր, երբ վերև էր գալիս որսի, որպեսզի ես իմանամ, թե երկրի մակերևույթը ինչ տեսք ունի։ Նախկինում այստեղ՝ Կալիֆորնիայի հյուսիսում, բավականին կյանքով լեցուն տարածք է եղել։ Պատմական կենտրոնում՝ Օլդ Թաունում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, նախկինում Օրինջի վերգետնյա բնակիչների կենտրոնն է եղել․ ամեն դեպքում մամաս այդպես էր ասում։
Լավ, լավ, վերջ, էլ լեզվիս չեմ տալիս։ Բայց մեկ-մեկ ես էլ կարող եմ փիլիսոփայել, չէ՞։ Բայց իրականում Օրինջի Օլդ Թաունը ավելի գեղեցիկ է, քան նկարներում։ Շատ ափսոս, որ մարդիկ այս վայրը այնքան են ավիրել, որ այստեղ այլևս ոչ ոք չի կարող ապրել։
Մարդկանց ու գայլերի միջև բազմաթիվ պայքարները գրեթե ոչ մի բան չեն թողել։ Բայց շուտով էլ պայքարներ չեն լինի, քանի որ երբ ԵՍ՝ Սեթիսֆայինգս, հաղթեմ Քվիչին՝ ոհմակի առաջնորդին, նրան իր թափթփուկների հետ կլարենք այստեղից։ Բայց հարցն այն է, թե հիմա մուտանտները որտեղ են տեղակայված։
- Եվ Սե՛թ տղա, որտե՞ղ է քո հանճարեղ ծրագրի երկրորդ մասը, - հարցրեց Կարմրագլուխը․ կարծես գիտեր, որ ես այդ մասին դեռ բոլորովին չեմ մտածել։ Բայց ես ինչպես կարող էի նախապես մտածել․ չէ՞ որ ես երբեք չեմ եղել վերգետնյա աշխարհում։ Բա էլ որտեղի՞ց իմանայի, թե ինչ է ինձ այստեղ սպասում։ Հիմա էլ դասընկերներս են հարցական հայացքով ինձ նայում։
Օ՛ֆ, կարևո՛ր չի։ Ու՞մ է պետք ծրագիրը։ Կյանքում մարդ պիտի հանպատրաստից գործել կարողանա և որոշում կայացնի՝ ինչպես զգում է։ Գոնե պապաս միշտ այդպես է ասում։ Հաստատ հեսա գլխումս մի հրաշալի ծրագիր կծագի։
Ցավոք հրաշալի միտքն այսօր չի ուզում գալ։
Մի քանի վայրկյան լռությունից հետո Կարմրագլուխը հոնքը վեր բարձրացրեց։ Նա միշտ դա անում է, երբ իմ բանականությունը հարցականի տակ է դնում, ու դրանից անմիջապես հետո նյարդային ոլորում է աչքերը։ Բարեբախտաբար ես պատրվակներ գտնելու չեմպիոն եմ։
- Պարզ չի՞, - ասում եմ ես ավելի ինքնավստահ, քան ինձ զգում եմ, - մենք կհոտոտենք, թե որտեղից է մեզի հոտ գալիս, որպեսզի գտնենք մուտանտների տարածքը։
«Հեչ էլ վատ առաջարկ չի, Սե՛թ տղա, - մտածում եմ ես։ - Մի րոպե, հենց նոր ես ինքս ինձ «Սեթ տղա» անվանեցի՞։ Մամա ջան, գնալով իմ վիճակը ավելի է վատանում ․․․»։
Ինչպես որ կարճ ժամանակ անց պարզվեց, մենք հեչ էլ չէինք փայլում մեր հոտառությամբ, ինչպես որ ես էի կարծում, կամ խնդիրը դիմակներն էին։ Ա՛յ քեզ հիմար բան։
Բա հիմա ի՞նչ անենք։ Արագ պիտի մի բան մտածեմ, թե չէ Կարմրագլուխը հեսա էլի կգա իր հիմար խոսքերով։ Բայց, ցավոք սրտի, իմ գլխում լրիվ դատարկություն է։
- Տեսե՛ք, ես մի հետք եմ գտել, - լսում եմ ես, դե կռահեք, թե ում ձայնը, իհարկե Կարմրագլխի։ Այս անգամ ես եմ աչքերս ոլորում։
Կարմրագլուխը կռացել էր թաց ճանապարհի վրա ու ցուցամատով ցույց էր տալիս մի թաթի հետք։ Բարեբախտաբար բացի ինձնից ուրիշ ոչ ոք չէր լսել Կարմրագլխին։ Ես արագ ժամանակը կանգնեցնում եմ, այս անգամ առանց ձեռքս պարզելու ու մյուս գործողությունները անելու, որպեսզի անիմաստ աչքի չընկնեմ։
Ապա վազում եմ հետքի վերջնամասը՝ ցույց տալու համար, որ ես այն Կարմրագլխից առաջ եմ հայտնաբերել։ Դա անվանվում է հնար 17։
- Մենք պիտի այս կողմ գնանք, - բղավելով ասում եմ բոլորին ժամանակը կրկին ընթանալ թողնելուց հետո։ Ինձ հեռվում տեսնելով՝ Կարմրագլուխը հիմարի պես կանգնած մնաց, բայց ոչինչ չասաց։
Ոտքով երկար քայլելուց հետո մենք կարճ կանգառ ենք անում Օրինջ Պլազայի մոտ նոր նշաններ գտնելու համար։ Լավ, միայն տասը րոպեի ճանապարհ էր, բայց այնպիսի զգացողություն էր, որ կարծես տասը կիլոմետր էինք անցել։ Կատա՛կ չեմ անում։
Գիտեմ՝ դժվար է պատկերացնել, բայց այդ չորացած տարածքը ծառերով ու բույսերով երբեմնի կանաչ զբոսայգի է եղել և այսպես մի մեծ շրջանագծով։ Այդ պատճառով էլ Օրինջի բնակիչները այդ վայրը անվանում էին նաև «Շրջան»։ Բայց դրանից մնացել է միայն ցամաքած ցայտաղբյուրը։ Մենք դեռ չենք տեսնում Քվիչի և նրա բանդայի ոչ մի հետք։ Իսկ եթե գայլերը լքե՞լ են իրենց տարածքը կամ ամբողջ Օրինջ շրջանը։ Չէ՞ որ այստեղ որս անելու գրեթե բան չի մնացել։ Դա հեչ լավ չի լինի, որովհետև ես Քվիչի հետ դեռ հաշիվ ունեմ մաքրելու։
Մինչդեռ մենք մտածում էինք, թե ինչ ենք անելու հաջորդիվ, աչքի պոչով տեսնում եմ, թե ինչպես է Կարմրագլուխը միայնակ առաջ գնում։ Իրեն շատ բնորոշ է իր արածն անել։ Ես արագ գնում եմ նրա հետևից, որպեսզի նրան աչքից բաց չթողնեմ։ Բացի այդ այստեղ շեֆը ԵՍ եմ ու պիտի հոգ տանեմ իմ մարդկանց անվտանգության մասին։
Կամ Կարմրագլուխը շատ արագաշարժ է, կամ ես եմ շատ դանդաղաշարժ, որովհետև չեմ կարողանում նրան ոչ մի տեղ գտնել։ Ա՛յ քեզ հիմար բան։ Հրաշալի պաշտպան եմ ես։ Բայց մի րոպե․ չէ՞ որ ես չեմ ուզում պաշտպան լինել, այլ որսորդ։ Իսկ որսորդը փնտրում է այնքան, մինչ գտնի։
Ես շարունակում եմ գնալ դատարկ զբոսայգով, չնայած իրականում պիտի մնայի իմ բանդայի մոտ։ Բայց դա երևի ավելի փոքր խնդիր է։ Հանկարծ ես այստեղի տոթից այնքան եմ շոգում, որ կոկորդս լրիվ չորանում է։ Ես կարճ ժամանակով հանում եմ դիմակս մի կում ջուր խմելու համար։ «Հեչ լավ միտք չէր», մտածում եմ ես, երբ շնչում եմ փոշոտ օդը։ Հազն ու գլխապտույտը միաժամանակ պատում են ինձ։ Իմ շուրջն ամեն ինչ պտտվում է, ու ես վայր եմ ընկնում։
Երբ ես իմ պատկերացմամբ երեսուն րոպեից, բայց հնարավոր է նաև միայն երեք րոպեից, ուշքի եմ գալիս, տեսնում եմ մի օտար պատկեր իմ առաջ, չէ՛, երկու։ Թե՞ ես հիմա կրկնակի եմ տեսնում։
Մամաս ասում էր, որ տոթը կարող է հալուցինացիաներ առաջացնել․ այդ ժամանակ տեսնում ես բաներ, որոնք իրականում չկան։
Ամեն դեպքում այդ կրկնակի մի բանը դեպի ինձ է ուղղում իր սուր ճանկերն ու մերկացնում ատամները։ Իմ գոյատևելու բնազդն արթնանում է, ու ես ցնցվում եմ։
Մի քանի վայրկյան է տևում, մինչ իմ ուղեղի բջիջները ընկալում են, որ այդ «մի բանը» իմ համար մեկ ոխերիմ թշնամին է։
Իմ առաջ կանգնած է ոչ այլ ոք, քան Քվիչը՝ գայլերի առաջնորդը, անձնամբ։ ԳԻտե՞ք՝ ինչի՞ց նրան ճանաչեցի։ Նրա ածուխի պես սև մորթուց։
Իրականում ես սարսափելի խուճապից պիտի գոռայի, բայց գիտակցությունս շոգից այնքան մշուշոտ էր, որ չէի կարողանում դրա մասին խորը մտածել։ Ես գոնե նկատում եմ, որ ավելի լավ է դիմակս կրկին դնեմ։
Երբ ուղեղիս բջիջները կրկին միանում են, ես վախից գրեթե տակս եմ անում։ Դժվարությամբ եմ դա խոստովանում, բայց դա այդպես է։ Ամեն դեպքում ես ամեն րոպե պիտի հաշվի առնեմ, որ Քվիչը կհարձակվի ինձ վրա ինձ իր ոհմակին որպես ճաշ մատուցելու համար։ Բայց նա ինձ վրա մի զգուշացնող հայացք է գցում, շրջվում ու անհետանում է։
Ես շփոթված նայում եմ նրա հետևից։
- Հե՛յ, ամեն ինչ նորմա՞լ է քեզ մոտ, - հանկարծ լսում եմ Կարմրագլխի անհանգստացած ձայնը իմ հետևում։ Նա վազելով գալիս է ինձ մոտ ու օգնում ինձ վեր կենալ։ Ես համարյա իրեն պատմում էի, թե հենց նոր ինչ եղավ, բայց հետո զսպում եմ ինձ։ Չէ՞ որ մի քիչ հիմար կհնչեր, որ ես խոստովանեի, որ հենց նոր թշնամին իմ առաջ կանգնած էր, ու ես ոչինչ չարեցի։ Որքա՛ն հիմար կլիներ իմ վիճակը որպես որսորդ։ Այսպիսով, ես բերանս փակ պահեցի ու ինձ կրկին հավաքեցի։
- Մենք աստիճանաբար պիտի հետ գնանք։ Ժամը գրեթե լրանում է, ու մեր դիմակները երկար չեն ձգի, - իրեն բնորոշ ողջամտությամբ ասաց Կարմրագլուխը։
Ես թաքրեցի իմ նոկաուտ լինելու պատճառը, հակառակ դեպքում նա ինձ լրիվ տխմարի տեղ կդներ։
- Մենք այդպես էլ չգտանք Քվիչին, - ասում եմ ես հատկապես քաջ երևալու համար։
Կարմրագլուխը էլի ոլորում է աչքերն ու ասում․
- Ուրեմն դու դա երևի մեկ այլ անգամ պիտի անես։
Կարճ կապելու համար ասեմ, որ մենք ստորգետնյա աշխարհ նույն ճանապարհով հետ գնացինք, ինչ ճանապարհով որ եկել էինք։
- Վաղը նույն ժամին նույն տեղում, - հայտարարեցի իմ բանդային, երբ մենք հասանք վերելակին։ Մի քանիսը հայացքներ էին գցում ինձ վրա։ Ես հստակ տեսնում էի, որ նրանք սիրահարվել են ինձ։ Այսինքն՝ բոլորը, բացի Կարմրագլխից։ Նա, իհարկե, կրկին ոլորեց աչքերը, հետ գցեց կարմիր մազերն ու մտավ վերելակ։
Բոբին մի քիչ հիմար հայացքով մեզ նայեց, երբ մենք նորից հայտնվեցինք ու այնպես արեցինք, կարծես ևս մեկ խմբակային նկար էր պետք։ Բայց նա հարցեր չտվեց, բարեբախտաբա՛ր։
Տուն հասնելով՝ ես հորս շատ հապճեպորեն հարցրեցի․
- Այն ժամանակ ի՞նչ է եղել իրականում մամայի ու Քվիչի միջև։ Ինչու՞ է նա հարձակվել մամայի վրա։
Ես չէի սպասում, որ կստանամ նման պատասխան․ ինչպես պարզվեց, մաման էր առաջինը հարձակվել, բայց ոչ թե Քվիչի, այլ նրա գայլուհու վրա։ Մամաս նետով նրա ոտքին էր կրակել՝ վախենալով, որ նա կհարձակվի պապայիս վրա։ Քվիչը դրանից հետո հարձակվել էր մամայի վրա ու այնքան ծանր նրան վիրավորել, որ նա չապրեց։ Գայլուհին էլ արնահոսությունից էր մահացել։
- Իրականում ես չեմ կարող մեղադրել գայլին, - տխուր հայացքով ասաց պապան, - նա արեց այն, ինչ փորձեց անել քո մայրը․ պաշտպանել իր նմանին։
Ես հանկարծ հիշեցի այսօրվա պատահարը։ Քվիչը կարող էր առանց ոչ մի խնդրի ինձ շան կեր դարձնել, բայց նա ինձ ձեռք չտվեց։ Ինչու՞։
- Այսինքն՝ նա բոլորովին էլ մամայի վրա չէր հարձակվի՞, եթե մաման նրա գայլուհուն չկրակե՞ր, - հարցրեցի ես։
Պապաս գլխով արեց։
- Այնտեղ՝ դրսում, կան հստակ կանոններ։ Յուրաքանչյուրը մղում է գոյատևման պայքար։ Փաստացի ամենասկզբից էլ մենք ենք եղել այս ամենի մեղավորը։ Մենք ենք մուտք գործել գայլերի որսի տարածք։ Ու մենք դա պիտի ավելի լավ գիտակցեինք։
Այս գիշեր ես մի տեսակ լավ չքնեցի։ Անընդհատ մտածում էի պապայիս պատմածի մասին։ Երեք տարի շարունակ ես մտածել եմ, որ Քվիչն է եղել մամայի մահվամ մեղավորը։ Իհարկե, նա այնքան ծանր էր վիրավորել մամային, որ նա մահացավ։ Բայց նրա գայլուհին էլ է մահացել, քանի որ մաման հարձակվել է նրա վրա։ Դրանով մենք քվիտ ենք, այդպես չէ՞։
Արդեն մի տեսակ ճիշտ չէ Քվիչին որսալը, ու հատկապես այսօրվա դեպքից հետո։ Նա ինձ ձեռք չտվեց, քանի որ ես ՆՐԱՆ ձեռք չտվեցի։ Բայց ես չեմ կարող խոսքս հետ վերցնել, թե չէ բոլորը կմտածեն, որ ես տակս եմ արել։ Սուպերհերոսը դիմակայում է վախին։ Չէ՞ որ դա գիտի յուրաքանչյուր երեխա։ Բայց այլ բան չի մնում, քան վաղը նույն ժամին լինել նույն տեղում։
Երբ եկավ որոշիչ օրը, ես իմ դասարանի հետ գնացի դեպի վերգետնյա աշխարհ տանող վերելակներ։
Այս անգամ վերելակի առաջ Ջոնի անունով մի լայնաթիկունք տիպ էր կանգնած։ Նրան մենք ճշգրտությամբ պատմեցինք տնային առաջադրանքի հետ կապված նույն պատմությունը, ու նա էլ դրան հավատաց առանց հարցեր տալու։ Բայց ես թաքուն հույս ունեի, որ այս անգամ պատմությունը կբացվի, ու մեզ վերև չեն թողնի։
Կարմրագլուխը հոնքը քշտեց․
- Սե՛թ տղա, քեզ ի՞նչ է եղել։ Վախեցա՛ր։
- Ես ոչ մի բանից չեմ վախենում, - ասացի ես հերոսաբար, չնայած հեչ այդպես չէի զգում․ ես լավ էլ վախենում էի, բայց զարմանալիորեն ոչ Քվիչից․ չէ՞ որ նա ինձ նախորդ անգամ ոչինչ չարեց։ Ես վախենում էի սխալ բան անելուց։
Հասնելով երկրի մակերևույթ՝ մենք կրկին սկսեցինք գայլերի ոհմակը փնտրել։ Իրականում ես խուսափում էի զբոսայգի գնալուց, քանի որ երեկ Քվիչին հենց այնտեղ էի հանդիպել, բայց Կարմրագլուխը պնդում էր այնտեղ փնտրել։
Օրինջ Պլազայում մարդ չկար, երբ մենք այնտեղ հասանք, ու նաև գայլերի հետքը անգամ չկար։ Ես թեթևացած շունչ քաշեցի, բայց ցավոք սրտի շատ վաղ, քանի որ հանկարծ շատ մոտիկից լսեցինք բարձրաձայն ոռնոց։
- Նրանք այստե՛ղ են, - հայտարարեց Կարմրագլուխը այնպիսի տոնով, կարծես թե մենք չլսեցինք։ Գրեթե միաժամանակ բոլորը ձեռքներն առան իրենց զենքերը։ Միայն ես՝ ոչ։
- Դու ուզում ես գայլերին անզե՞ն հաղթել, - էլի Կարմրագլուխը․ բա էլ ո՞վ նման բան կասեր։ Ես մռայլ հայացքով նրան նայեցի, մինչդեռ լսեցի, թե ինչպես են իմ դասարանցիներից մի քանիսը ծափ տալիս։ Օհո՛, նրանք ինձ իսկապես վստահու՛մ են։ Դե պարզ է, դա պատկանում է սուպերհերոսի դերին։ Ուղղակի ինձ բոլորովին պետք չի գայլերի վրա հարձակվել։ Այո՛, բայց ո՞րն է իմ մտադրությունը։ Գաղափար չունեմ։
Մինչ ես անճար գետնի անցքերին էի նայում, լսեցի, թե ինչպես է գայլերի ոհմակը գնալով ավելի մոտենում։ Մի քանիսը սկսեցին վախենալ։
- Չմտածե՛ք։ Սեթիսֆայինգը ձեզ կպաշտպանի, - հայտարարեցի ես բարձրաձայն նրանց քաջալերելու համար։ Ու երբ ասում եմ, որ կպաշտպանեմ, ի նկատի ունեմ իմ սուպերուժն էլի։
Կարմրագլուխը չհավատալով գլուխն է թափ տալիս, որի ժամանակ նրա հրակարմիր մազերը այս ու այն կողմ եմ ծածանվում։
Երբ մենք առաջ նայեցինք, հանկարծ մեր առաջ հայտնվեցին երեսուն գայլեր եռանկյուն կազմած, իսկ նրանց առևում Քվիչն ինքը։ Նրա սև մորթին փայլում էր արևի լույսի տակ, իսկ նրա մերկացրած ատամները սարսափելի սուր էին թվում։ Աղջիկներից մեկը բարձր ճչաց ու թաքնվեց իմ հետևում։
Կրկին բարձր ոռնոց։ Գաղափար չունեմ, թե ոհմակի առաջնորդն իրենց գայլային ոռնոցի լեզվով ինչ ասաց մյուս գայլերին, բայց նրանք շրջափակեցին մեզ բոլոր կողմերից այնպես, որ մենք մեր թշնամիների կողմից կազմած շրջանի մեջտեղում հայտնվեցինք։
Ինձնից մի քանի մետր հեռու կանգնած է Քվիչը ու զննում է ինձ մռայլ հայացքով։ Թվում է, թե նա ինձ ճանաչել է։
- Դե՛ մի բան արա, - գոռաց Կարմրագլուխը, բայց ես մի տեսակ քարացել եմ ու մտածում եմ մամայի մասին ու այն մասին, որ Քվիչը ինձ հետ նույն ցավն է կիսում։ Նա էլ է կորցրել իր համար շատ կարևոր մեկին։
«Պապան հիմա ի՞նչ կաներ», - պտտվում է գլխումս, երբ ես հանկարծ զգում եմ, թե ինչպես է Կարմրագլուխը ինձ մի կողմ հրում։
- Վախկո՛տ, ուրեմն ե՛ս մի բան կանեմ, - սա ասելով՝ նա իր աղեղը լարում է ու նետն ուղղում Քվիչի վրա։ Վերջինս իսկույն պայքարի դիրք է բռնում։
Հենց Կարմրագլուխը նետը արձակում է, Գայլը հարձակվելու նպատակով օդ է թռնում։ Ես անշարժ նայում եմ, թե ինչպես է նետը լույսի արագությամբ թռնում ուղիղ դեպի ոհմակի առաջնորդը։ Վերջին վայրկյանին ես հասցնում եմ «Կա՛նգ առ» ասել, քանի դեռ նետի ծայրն իր թիրախին չի հասել։
Ամեն ինչ քարանում է։ Ամեն ինչ ասելով ամեն ինչ էլ ի նկատի ունեմ։
Նետը անշարժ կախված է մնում օդում, Քվիչը՝ երկրի վրա, Կարմրագլուխը լայն բացած աչքերով ու աղեղը ձեռքին ինձ է նայում, մինչդեռ իմ բանդան գայլերի ոհմակի կողմից շրջաձակված, բաց բերաններով ու վախից առաջ պարզած ձեռքերով քարացել են։
Մամա՛ ջան, այս ինչ խառնաշփոթի մեջ եմ ես մեզ գցել միայն նրա համար, որ ապացուցեմ, թե ինչ հրաշալի սուպերհերոս եմ ես։ Հիմա ինչպե՞ս եմ դուրս գալու այս իրավիճակից։
Հանկարծ գլխումս կրկին պտտվում են պապայի խոսքերը․ «Շնորհը ոչինչ չարժի, եթե դու այն ճիշտ չես օգտագործում»։
Ու այդտեղ ինձ ամեն ինչ պարզ դարձավ․ ես որսորդ չեմ, ես պաշտպան եմ, ու իմ առաջադրանքն է մյուսներին պաշտպանել։
Ես արագ վազում եմ իմ դասընկերների մոտ ու հերթով թակում նրանց ուսերին, որպեսզի նրանք արթնանան։
- Փախե՛ք, - գոռում եմ ես նրանց։
Նրանք խուճապահար վազում են իրենց շրջափակած գայլերի ոհմակի կողքով։ Միայն Կարմրագլուխն է մնում իմ կողքին կանգնած։
- Ինչի՞ն ես սպասում, Սեթ, դե՛ արի։
Քանի որ ես չեմ արձագանքում, նա քաշում է ձեռքիցս ու փորձում ինձ իր հետևից քարշ տալ։ Բայց ոտքերս կարծես քարացել են։ Եթե ես հիմա փախչեմ, ու ժամանակը շարունակվի ընթանալ, նետի ծայրը կմտնի Քվիչի մարմնի մեջ։
Խառը զգացողություններից հանկարծ արյունս երակներումս սառում է։ Չէ՞ որ սա հենց այն էր, ինչ ես ուզում էի՝ վրեժ մամայիս համար։ Բայց ես իմ մեջ գիտեմ, որ դա չի ճիշտը։ Քվիչը արժանի չէ նետով սպանվելուն։ Նա պարզապես անում է այն, ինչ ոհմակի առաջնորդը պարտավոր է անել․ նա պաշտպանում է իր բանդան, քանի որ նա ինձ նման պաշտպան է։ Այս գիտակցումը կայծակի պես անցավ մտքովս։ Ես իսկույն բաց թողեցի Կարմրագլխի ձեռքն ու վազեցի դեպի նետը։
- Ի՞նչ ես անում, ա՛յ հիմար, - հետևիցս լսեցի նրա ձայնը, բայց ինձ մեկ է, թե նա այս պահին ինչ է մտածում իմ մասին։ Ես պաշտպան եմ, և իմ առաջադրանքն է մյուսներին պաշտպանել՝ լինի մարդ, թե կենդանի։ Ես օդ եմ թռնում ու նետը ներքև բերում։ Ապա այն ամբողջ ուժով երկու կես եմ անում։
Կարմրագլուխը բերանը բաց ինձ է նայում։ Ես վազում եմ նրա մոտ ու բրթում նրան․
- Փախա՛նք։
Շարժվելու փոխարեն նա նայում է անշարժ գայլին, որը դեռ օդում կախված է, ապա գետնին ընկած կոտրված նետին։
- Ինչու՞ դա արեցիր, - հարցնում է նա, բայց այժմ հարմար ժամանակը չէ բացատրություններ տալու։
- Հետո կբացատրեմ։ Հիմա արի՛, պիտի շարունակե՛նք գնալ։
Օ ո՛չ, Սատանա՛ն տանի։ Առանց նկատելու ես ասացի արգելված բառը․ «Շարունակել»։ Ու հենց այդպես էլ եղավ․ ժամանակը սկսեց առաջ շարժվել։
Քվիչը ավարտեց իր թռիչքն ու իր չորս թաթերի վրա վայրէջք կատարեց ուղիղ մեր դիմաց, իսկ նրա ոհմակը մեր շուրջն ընդունեց պայքարի անցնելու պատրաստ դիրք։ Մենք բոլոր կողմերից շրջափակված ենք։
Հիմա կասեք՝ էս ապուշն ինչու՞ նորից «Կա՛նգ առ» չի գոռում։ Բայց հարցն այն է, որ ես իմ սուպերունակությունը չեմ կարող այդքան կարճ ժամանակ անց նորից օգտագործել։ Էներգիաս պետք է վերալիցքավորվի։ Բայց ես իմ կարողության կարիքը հիմա շատ ունեմ։ Մենք լիովին գտնվում ենք գայլերի ոհմակի իշխանության տակ։
Կարմրագլուխը ամուր փաթաթվում է թևիս։
- Մի բան արա՛, Սե՛թ, - շփոթված խնդրում է նա, քանի որ երկուսս էլ անզեն ենք։
Լրիվ պատահական ես հիշում եմ ոհմակի առաջնորդի հետ իմ առաջին հանդիպումն, ու հանկարծ գլխումս միտք է ծագում․
- Պառկի՛ր գետնին, - շշնջում եմ ես կարմարգլխին։
- Գժվեցի՞ր։ Մենք էլ չենք կարող փախչել, - բացատրում է նա ինձ էլի իր այդ ամենագետ տոնով։
- Ուղղակի վստահի՛ր ինձ, - շարունակում եմ պնդել ես։ Վստահ եմ, որ նա հիմա ուզում է աչքերը ոլորել, բայց դրա ժամանակը չի, ու նա հետևում է իմ ցուցումին։
Մինչ մենք երկուսով պառկած ենք գետնին, Քվիչը պտտվում է մեր շուրջն ու հոտոտում մեզ։ Մենք չենք համարձակվում անգամ շնչել։ Ապա ես հավաքում եմ ողջ քաջությունս ու բարձրացնում գլուխս նրա աչքերի մեջ նայելու համար։ Գրեթե հավատում եմ, որ նրանցում խաղախության առաջարկություն եմ տեսնում կամ ուղղակի երևակայում եմ ինձ։ Ամեն դեպքում նա մեզնից շրջվում է ու վերադառնում իր ոհմակի մոտ։
Լսում եմ, թե ինչպես է կարմրագլուխը թեթևացած շունչ քաշում։ Դրան հետևում է մի այլ ձայն․ դա առաջնորդի ոռնոցն է։ Ասես հրամանով նրան հետևում են մյուս գայլերն ու հեռանում առանց մեր մազին անգամ դիպչելու։
Ես կարմրագլխին նշան եմ տալիս, որ կարող ենք արդեն վեր կենալ։ Առաջին անգամ նա ոչ մի ամենագետ բան չի ասում, չնայած ես միայն դրան էի սպասում։ Դրա փոխարեն նա իր կանաչ աչքերով այնպես է ինձ նայում, որ ծնկներս կարծես թուլանում են։
- Դու ինձ դեռ բացատրություն պիտի տաս, - ասում է նա հետադարձի ճանապարհին։ Ես նրան պատմում եմ մորս հետ կապված ամբողջ պատմությունն ու իմ առաջին հանդիպումը Քվիչի հետ։
- Սեթ Ֆայինգ, երևի դու այնքան էլ լուզեր չես, - ասում է նա, մինչ մենք մյուսներին կհասնենք։
Ականջներիս չեմ հավատում։ Արդյո՞ք Կարմրագլուխ Գլորիան ինձ հենց նոր կոմպլիմենտ արենց, այն էլ իրեն բնորոշ տարօրինակ ձևով։
- Բայց հիմա վերջապես տուն գնանք, Սե՛թ տղա, - ավելացրեց նա քմծիծաղով՝ հրակարմիր մազերը հետ գցելով։
Ես էլ իրեն քմծիծաղ տվեցի։
Մեր մյուս դասարանցիներին մենք ոչինչ չպատմեցինք։ Պետք էլ չէր։ Դա մի բան էր, որը վերաբերում էր ինձ ու Քվիչին, դե հա նաև Գլորիային։ Բավական կլինի, որ մյուսներն իմանան, որ հիմա ամեն ինչ լավ է։
Ամեն դեպքում ես Սետիսֆայինգը շատ էլ գոհ եմ ինձնից։ Ու երբ ասում եմ գոհ եմ, էրեխե՛ք, ի նկատի ունեմ իսկապես գոհ։
Վերջ
[1] loser – անգլ․՝ անհաջողակ




Comments